Posted in Գրականություն

Գ․ Նարեկացի «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»

Գ․ Նարեկացի «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ» Posted on March 31, 2018

Արեգա՛կ արդար, օրհնյալ ճառագայթ, պատկեր լուսեղեն,

Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անպատում զորեղ,

Բարու բերկրություն, հուսատու տեսիլ, գովյալ երկնավոր,

Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ,խոստովանյալ կյանք,

Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս շարադրանքի

Պակասները դու՛ լրացրու խոսքով քո ամենազոր

Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ հորդ։

Դու ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝

Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՜ց օրհնություն,

Բարեխնամ տեսուչ երկնայինների և ողջ երկրայնոց։

Զի թե հանձն առար մեռնել ինձ համար, Աստվա՜ծ բոլորի,

Որքա՜ն ավելի պիտի ուզենաս կարեկցել և այժմ ինձ, տառապալից տագնապարարիս,

Ազգակցիդ մեզ՝ մեզնից մարմնացյալ,

Մեղապարտիս հետ միշտ աղոթելով հորդ համապատիվ։

Եվ պատվական արյանդ միջնորդությամբ,

Որ մատուցվում է միշտ առաքչիդ կամքին ի հաճությու՜ն,

Թո՛ղ վերացվեն վտանգները մեղավոր դատապարտյալիս,

Պարտքերը զիջվեն, ամոթը փարատվի,

Մոռացվեն խայտառակություններն ու դատավճիռն ի բարին փոխվի,

Սատկեն որդերն, ու լացը վերանա,

Դադարի կրճտումն ատամների թո՛ղ, ողբերն սպառվեն,

Արտասուքները ցամաքեն թո՛ղ որ, սուգը հեռանա,

Խավարն հալածվի ու հուրը սաստիկ մարի, մոխրանա,

Եվ բազմապիսի տանջարաններն ի բաց մերժվեն։

Եվ թո՛ղ բոլորին կյանք կամեցողիդ ու պարգևողիդ գթությունը գա,

Թո՛ղ լույսդ ծագի, փրկությունդ փութա, օգնությունդ հասնի,

Այցելությունդ ժամանի և ողորմությանդ ցողը կանխահաս

Թո՛ղ որ շտապի՝ հույժ թշվառությամբ մահվան վիհն ընկած

Իմ ոսկորների պապակ անդաստանը ոռոգելու։

Կենարար արյանդ բաժակն երկնավոր,

Որ պատարագվում է միշտ, անսպառ

Հանուն ննջեցյալների հոգու փրկության և կենաց,

Թո՛ղ ծաղկեցնի և պտղաբերի լուսավոր

Օրվանդ համար մշակված դաշտն իմ մարմնեղեն,

Որպեսզի նրա մեղքերով իսպառ մահացած հոգիս,

Քո շնորհիվ, գթա՜ծ, քո մեջ զորացած,

Եվ մեղքերից ազատ, անմահ կենդանությամբ

Նորոգվեմ արդարների հարության օրը՝ Հորիցդ օրհնված,

Որի հետ Փառք քեզ և քո սուրբ Հոգուն

Եվ բարեբանություն վայելչական գոհությամբ,

Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից․

ԱՄԵՆ։

Հատված «Մատյան ողբերգության» պոեմից

  • 4
    Shares