Posted in Կինո

Անհրաժեշտ է լավ դրամատուրգիա ու մեծ քանակությամբ լավ ռեժիսորներ

Անհրաժեշտ է լավ դրամատուրգիա ու մեծ քանակությամբ լավ ռեժիսորներ Posted on March 31, 2018

Սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրուցելու առիթներ հաճախ են ստեղծվում, քանի որ մշակութային դաշտում նա այսօր ամենաակտիվ խաղացողներից է: Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում հայկական կինոյում որոշակի աշխուժություն մտցրած ռեժիսորը, սակայն, մինչ իր ֆիլմերի էկրան բարձրանալը, դրանց մասին խոսել չի սիրում: Նկատում է՝ ամեն ինչ էկրանը ցույց կտա, լավն ու վատն էլ հանդիսատեսը կորոշի:

– Պարոն Մկրտչյան, օրերս թատրոնի միջազգային օրն էր: Այս շրջանակներում կցանկանայի խոսենք ժամանակակից թատրոնի առավելությունների ու խնդիրների մասին, քանի որ ինքներդ էլ այսօր թատրոն եք ղեկավարում: Ի՞նչն է պակասում հայ թատրոնին:

– Այսօրվա պայմաններում, նկատի ունեմ որակյալ ֆիլմերի դեֆիցիտի պայմաններում, թատրոնը մեզ առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի պահպանենք դերասանի մասնագիտությունը: Այսօր մեր երկրում թատրոնը միակ տեղն է, որտեղ դերասանները հնարավորություն ունեն տարբեր բաներ փորձելու, տարբեր ձևերով դրսևորվելու ու որոշակի նշաձող սահմանելու: Ինչի՞ պակաս ունենք. եթե շաբլոն տեքստեր չասեմ, ապա մեզ առաջին հերթին անհրաժեշտ է լավ դրամատուրգիա ու մեծ քանակությամբ լավ ռեժիսորներ:

– Սովորաբար, Դուք ռեժիսորն եք Ձեր իսկ գրած սցենարների: Ինչո՞ւմ է խնդիրը՝ չե՞ք վստահում այլ սցենարիստներին:

– Հանգամանքների բերումով է այդպես ստացվել: Ընդհակառակը, ես շատ կուզենայի աշխատել ուրիշի նյութի մեջ:

– Որքան գիտեմ՝ այժմ միանգամից երկու ֆիլմ եք նախաձեռնել՝ «Լյուդվիգ անունով ոզնին» և «Վիվարո»: Մի փոքր կմանրամասնե՞ք այդ մասին:

– «Վիվարոն» ֆիլմի վերնագիրը չէ: Ես իմիջային գովազդ եմ նկարում Վիվարո ընկերության համար: Ու ասեմ, որ ինձ շատ հետաքրքիր է համագործակցել նրանց հետ: Ինձ հետաքրքիր է աշխատել այն մարդկանց հետ, որոնց երևակայությունն ու մտածողությունը սահմաններ չունեն: Ինչ վերաբերում է իմ նոր լիամետրաժ ֆիլմին, ապա այն հիմա գտնվում է հետարտադրական փուլում և աշնանն արդեն էկրաններին կլինի:

– Ընդհանրապես, դժվար չէ՞ միաժամանակ մի քանի նախագծերում աշխատելը:

– Եթե ֆիլմերի տեսանկյունից ենք խոսում, ապա, այո՛, միանգամից երկու ֆիլմ նկարել հնարավոր չէ: Համենայնդեպս, ես չեմ կարողանում այդպես: Իհարկե, նկատի ունեմ նկարահանման ընթացքը: Իսկ այ հետարտադրական փուլն ավելի քիչ ժամանակ է խլում: Այս էտապում երկու բան համատեղել հնարավոր է:

– Ֆիլմարտադրության մեջ պակաս կարևոր չէ ֆիլմի երաժշտություն գրելը: Ինչպե՞ս եք առաջնորդվում այս հարցում, այս անգամ ո՞ւմ հետ եք պատրաստվում համագործակցել:

– Երաժշտությունը կինոյում շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Այն կոմպոզիտորներն, ովքեր աշխատում են ֆիլմերի վրա, պետք է հասկանան, որ իրենց երաժշտությունը չպետք է ապրի առանձին կյանքով ու չպետք է խանգարի ֆիլմին: Հիմա ես աշխատում եմ Կարեն Համբարձումյանի և Սևակ Մելքոնյանի հետ՝ «Կարեն/Սևակ» փրոդաքշն: Կարծում եմ՝ մեր համագործակցությունը կստացվի: Ֆիլմում կհնչի նաև մի երգ, որի երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, ու հենց նա էլ կկատարի այն՝ տաղանդավոր ու շատ հմայիչ Սոնան: Ավետ Բարսեղյանի հետ, ով երգի բառերի հեղինակն է, սա արդեն երկրորդ համագործակցությունն է: Ավետն իր գործի վարպետն է: Նա բառերը գրում է ոտքի վրա, ու դա նրա մոտ հանճարեղ է ստացվում: Զարմանում եմ՝ ինչո՞ւ մինչև հիմա չեն թույնել նրան (ժպտում է՝ հեղ.):

– Պարոն Մկրտչյան, կցանկանայի անդրադառնանք նաև պետական պարգևներին ու շքանշաններին, որոնք վերջին շրջանում ամենաքննարկվածն են. մարդկանց մի մասը գտնում է, որ «ում ասեք» շքանշան ու կոչում են տալիս՝ արժեզրկելով դրանց կարևորությունը, մի մասն էլ վստահ է, որ ժողովրդի սերը վայելող արվեստագետներն անձամբ պետք է հրաժարվեն իշխանության կողմից տրվող մրցանակներից ու պարգևներից՝ որպես բողոք իշխանության դեմ: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս երկու տարբեր հանգամանքներին, և արդյոք ճիշտ է քաղաքականությունն ու արվեստը միմյանց խառնելը:

– Ես դատավոր չեմ: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, ինքն է պատասխան տալիս իր քայլերի համար: Այն , որ արվեստում չպետք է քաղաքականություն լինի՝ հաստատ է: Բայց ինչ-որ մեկին այդ մեդալն անհրաժեշտ է, ինչ-որ մեկին՝ ոչ: Ես կարող եմ միայն իմ անունից պատասխան տալ. ես, իսկապես, կարծում եմ, որ մեր երկրում մեծ քանակությամբ մեդալներ ու կոչումներ կան: Ու իսկապես կարծում եմ, որ դրանք շատ արժեքազրկված են: Ես շատ կուզեի ևս 2 անգամ արժանանալ պետական մրցանակի՝ այդպիսով կրկնեի հորս ցուցանիշը: Ինչ վերաբերվում է մնացած մեդալներին ու կոչումներին, կարող եմ երդվել, որ կհրաժարվեմ դրանցից, եթե, իհարկե, նման առիթ լինի: Ու դա ոչ արհամարհանք է, ո՛չ էլ մեծամտություն: Դա ազնվություն է ինքդ քո հանդեպ: Եթե ես համարում եմ դա արժեքազրկված՝ ընդունել չեմ կարող:

– Հավանաբար, հետևում եք հայկական սերիալարտադրությանը, քանի որ ինքներդ էլ Հանրային հեռուստաընկերության համար բազմասերիանոց ֆիլմեր եք պատրաստում: Հավանո՞ւմ եք մեր սերիալային եթերները:

– Դուք իսկապե՞ս ուզում եք, որ ես լուրջ պատասխանեմ այս հարցին: Բայց որպես պատասխան Ձեր այս հարցին՝ միշտ լսել եմ հետևյալ նախադասությունը՝ ժողովուրդը նայում է, ու մենք բարձր ռեյտինգ ունենք: Կամ՝  մենք տալիս ենք այն, ինչ պահանջում է ժողովուրդը … Այստեղ ուզում եմ ցիտել Սոս Սարգսյանին, մի մարդու, ում տաղանդն ու մարդկային որակը չափ չունի. «Դուք ժողովրդի ուզածը չե՛ք տալիս, դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին»… Ու դա հենց այդպես է:

– Վերջերս «Մովսես Խորենացու» մեդալի արժանացավ սերիալների հեղինակ Դիանա Գրիգորյանը, ու այս հանգամանքը ևս բուռն քննադատության առիթ դարձավ: Որպես ռեժիսոր՝ Ձեր էգոն նման պարգևներից չի՞ վիրավորվում:

– Դա ինձ չի վիրավորում: Դրանից հետո ես չեմ դադարում մնալ այն, ինչ կամ: Իսկ արդյոք այդ ամենը վնասում է պետության իմիջին՝ չգիտեմ: Թող դրա մասին մտածեն մշակույթի գծով նախագահի խորհրդականները:

– Երկար տարիներ Մոսկվայում եք ապրել ու աշխատել: Նկատելի էր, որ ռուսական արտադրության Ձեր ֆիլմերում դուք աշխատում էիք նաև Հրանտ Թոխատյանի, Նազենի Հովհաննիսյանի, Մկրտիչ Արզումանյանի հետ, սակայն Ձեր հայկական արտադրության ֆիլմերում այս անունները, կարծես թե բացակայում են, դերասանների բոլորովին այլ նախընտրած կազմ ունեք…

– Մի փնտրեք դավադրություն այնտեղ, որտեղ չկա: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. առաջ ես ճանաչում էի միայն նրանց, իսկ այսօր ավելի շատ դերասանների գիտեմ: Այո՛, ավելի քիչ աստղային: Բայց նրանք լիովին համապատասխանում են իմ ռեժիսորական ստանդարտներին:

– Մարդիկ սիրում են Ձեր ձեռագիրը որպես սցենարիստ ու ռեժիսոր, ըստ Ձեզ՝ առավել մեծ հաջողության չե՞ք հասնի, եթե այդ ձեռագրին գումարեք նաև դերասանական առավել ճանաչված կազմ:

– Ես հատուկ հաջողություն չեմ փնտրում: Ու ես սիրում եմ կազինո: Ո՞վ էր ճանաչում դերասան Սամվել Թադևոսյանին: Ու հանկարծ նա աստղ է արթնանում: Իսկ հիմա նա ստիպված կրում է այն ծանր բեռը, որը կոչվում է համաժողովրդական սեր: Դա դժվար բան է, կարող ես կոտրվել: Եվ հետո, աստղերի հետ աշխատելը իր բացասական կողմն էլ ունի: Նրանց հետ բազմաթիվ ասոցիացիաներ կան, հանդիսատեսի կողմից կա որոշակի ձևավորված կերպար:

– Բայց դուք եք գրում նոր կերպարը, դուք կարող եք փոխել այդ կարծրատիպը:

– Իհարկե, կարելի է կյանքիցդ մի տարի հատկացնել և փորձել կոտրել որոշ կարծրատիպեր և ապացուցել հանդիսատեսին, որ այս կամ այն դերասանը կարող է և այսպիսին լինել, որ նա իրականում շատ տաղանավոր է: Բայց ինչո՞ւ: Որ այդ ամենից երկու ամիս հետո նրան տեսնես ինչ որ սերալում կամ սիթքոմում, որտեղ նա էկրանից բոլորին «ասում» է՝ իմ գինը 340 դրա՞մ է:

– Կարոտո՞ւմ եք ռուսական կինոշուկան: Մտածո՞ւմ եք կրկին այնտեղ վերադառնալու մասին:

– Մի շտապեք ազատվել ինձանից (ժպտում է՝ հեղ.)…

– Նկատել եմ, որ Ձեր էկրանային հերոսուհիներն արտաքինով բավական նման են: Դա կնոջ Ձեր իդեա՞լն է:

– Ցավոք, ես չունեմ կնոջ կոնկրետ իդեալ: Կանանց մեջ ես սիրում եմ տարատեսակության միքսը, համադրությունը:

– Պարոն Մկրտչյան, սովորաբար, ասում են՝ հայրերի ու որդիների ձեռագրերը նմանվում են, պարզապես՝ որդիներն առավել կատարելագործված են լինում: Ըստ իս՝ Ձեր և Ալբերտ Մկրտչյանի ձեռագրերը միմյանցից բավական տարբեր են: Կա՞ն ընդհանրություններ, որոնք, գուցեև առաջին հայացքից նկատելի չեն: Ի՞նչ եք ժառանգել Ալբերտ Մկրտչյան ռեժիսորից:

– (Մտածում է՝ հեղ.) Գենը գիտության կողմից դեռ լիովին չբացահայտված մի բան է: Ես միայն կարող եմ հույս ունենալ, որ հորիցս մի քիչ տաղանդ եմ ժառանգել…

– Եթե այսօր մեր կողքին լիներ Ձեր հորեղբայրը՝ Մհեր Մկրտչյանը, էկրանային ի՞նչ կերպարում կնկատեիք նրան:

– Հասկանում եք՝ նա չկա: Ու չկա արդեն վաղուց: Եվ նմանատիպ հարցերի բոլոր պատասխանները պետք է ունենան երկար, գեղեցիկ, բայց հորինված բովանդակություն: Իսկ ես ռեալիստ եմ (ժպտում է՝ հեղ.):

– Ալբերտ Մկրտչյանը վերջերս կյանքից հեռացավ: Հայրեր-որդիներ թեման շարունակելով՝ ո՞րն է եղել հոր պատգամը՝ որդուն:

– Գուցե կգա ժամանակ ու ես կխոսեմ այդ թեմայով, բայց ոչ հիմա…

– Գիտեմ, որ Ալբերտ Մկրտչյանը կիսատ թողած ֆիլմ ուներ: Հնարավո՞ր է՝ այն ինքներդ ավարտին հասցնեք:

– Խոսքը «Լակոտը» ֆիլմի մասին է, որի հեղինակը Սոս Սարգսյանն է: Ցավոք հիվանդության պատճառով հայրս չկարողացավ նկարել այդ ֆիլմը: Նա նկարել է ֆիլմի ընդամենը 10 %-ը: Հետո կիսատ գործը ուրիշ ռեժիսոր է շարունակել: Էդպես է ստացվել… Ու վատ է ստացվել… Ու դա իմ պարտքն է եթե, իհարկե, Սոս Սարգսյանի ընտանիքը դեմ չլինի՝ նորից նկարել «Լակոտը»:

– Անդրադառնանք նաև օրվա թեմային. հետաքրքիր զուգադիպությամբ մեր զրույցը տեղի ունեցավ հենց այսօր՝ Ձեր ծննդյան օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Ինչպե՞ս և ո՞ւմ հետ եք սիրում անցկացնել ծննդյան օրերը:

– Շնորհակալ եմ շնորհավորանքի համար… Այս տարի այն կանցնի աշխատանքի մեջ: Իսկ առհասարակ ծննդյանս օրը նշում եմ միայն ամենամտերիմ մարդկանց հետ:

– Գո՞հ եք անցած 46 տարիներից, որո՞նք են գլխավոր ձեռքբերումները, բացթողումներն ու կորուստները:

– Մի նախադասությամբ շարադրել ապրածս 46 տարի՞ն: Դուք շատ բարձր կարծիք ունեք իմ մասին (ժպտում է՝ հեղ.)… Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Ինձ դժվար էր, բայց շատ հետաքրքիր:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան, aysor.am