Posted in Թատրոն

Ծնունդդ շնորհավոր, Վարպե՛տ

Ծնունդդ շնորհավոր, Վարպե՛տ Posted on April 1, 2018

Ապրիլի մեկին ծնվել է հայ բեմի և կինոյի պարծանքներից մեկը՝ Խորեն Աբրահամյանը։

Հայերի մեջ ընդունված սովորություն կար` վարպետի ձեռքը համբուրում էին, և վարպետը կարող էր լինել կոշկակար, պատշար, իր գործը լավ իմացող մարդ: Թատրոնում երբ ասում էին` վարպետ, պարզ է, որ խոսքը Փափազյանի մասին է: Նույնիսկ Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշյանը, Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը վարպետ չէին: Եվ ինքը չէր ասել` ինձ կասեք վարպետ: Նա իսկապես վարպետ էր:

Ֆրունզիկը նոր էր եկել թատրոն: Մենք միանգամից ընկերացանք: Ես, Սոսը և Ֆրունզը իրար կատակով ասում էինք` վարպետ: Փափազյանն անցնում էր միջանցքով: Էդ ժամանակ նա վաթսունն անց էր: Փափազի միջանցքով անցնելն արդեն ներկայացում էր… Էդքան սիրուն մարդ չեմ տեսել: Ես տարիներով նայել եմ նրա ձեռքերին: Այնպես ստացվեց, որ միջանցքում դեմ-դիմաց դուրս եկանք: Ասացի` բարև, վարպետ, պատասխանեց` բարև, մանչս, ու ուսս թփթփացրեց` ինչպես կանեին երևի ձի առնելիս… Նա սիրում էր, որ ես պինդ եմ: Ամերիկյան կինոդերասաններն առանց սպորտի գոյություն չունեն: Իսկ թատրոնում, հատկապես հայ թատրոնում, մի տեսակ կար` բերանով խաղացող դերասաններ: Այնինչ, ինչպես Ստանիսլավսկին է ասում` «Խոսքը գործողություն է»: Եթե դերը պլաստիկ լուծում չունեցավ, դեր չէ:

Միջանցքի դուռը բացվեց, Ֆրունզիկը ներս մտավ… Ֆրունզիկը էնպիսի շնորհք ուներ, որ միանգամից երկու ներկայացում էր խաղում: Հենց կուլիսներում աշխատողները հավաքվեցին, ուրեմն տեսարանը լավն է, որ նայում են: Ֆրունզիկը հանդիսատեսի համար ուրիշ բան էր խաղում, նրանց համար` առանձին: Դա ընդհանրապես անհնարին է, բայց նա անում էր… Մի խոսքով, Ֆրունզիկը ներս մտավ ու ասաց` վարպետ, Փափազը, թե.
– Ասա, ի՞նչ է…
– Քեզ հետ չեմ, Խորիկի հետ եմ…
Պետք էր տեսնել Փափազի դեմքը: Ի պատիվ նրա` ասեմ, որ գնահատեց հումորը, ծիծաղեց:

Հիմա բոլորը վարպետ են: Մեր մասնագիտությունը հեշտացել է, կամ հեշտացրել են: Դա ահավոր ծանր մասնագիտություն է: Շեքսպիրի ցանկացած գործ խաղալու համար ֆիզիկական մեծ ուժ է պահանջվում:
Սեռը ցեղը շարունակելու աստվածային, հավերժական բնազդն է: Իմ մտքով էսպիսի բան է անցնում, որ ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են: Ես ժամանակակից մարդ եմ, մի բան էլ ավել, և մտքովս չի անցնում առաջարկել, թե` եկեք փաթաթվենք շորերի մեջ` ինչպես Պարսկաստանում, միայն աչքերը բաց լինեն: Անգլիայում (ես ընդհանրապես Անգլիան շատ եմ սիրում` Շեքսպիրի, թատրոնի հետ կապված) այսպիսի փորձ էին արել. մի բանուկ խաչմերուկում կանգնեցրել էին կարճ հագնված գեղեցիկ աղջիկների: Արդյունքում` վթարների թիվը եռապատկվել էր:

Վերջերս մեքենայում ռադիոն էի միացրել, ինչ-որ բժշկական կազմակերպության ծառայություններն են թվարկում, որ կարող են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպես նաև` աղջիկների ամոթխածությունը… Ի սեր Աստծո, էդ մի բուժեք և էդքան մի խոսեք սեռի ու սեքսի մասին, հանգիստ թողեք մարդկանց, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե մեր պապերն ու նրանց պապերը չգիտեին, թե ինչպես են երեխաներն առաջանում: Բա ո՞նց էին տասներկու երեխա ունենում: Հիմա սովորեցնում են, սովորեցնում… Թե ինչ են սովորեցնում, չեմ հասկանում, բայց ընտանիքներում երեխաների թիվը երկուսից չի անցնում… Որտեղից որտեղ հասա…

Խորեն Աբրահամյան