Posted in Շքեղարվեստ

Նկարիչների միության նախագահի դիտարկումները զինանշանի մասին

Նկարիչների միության նախագահի դիտարկումները զինանշանի մասին Posted on May 16, 2018

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ 2012 թվականից զբաղվում է ՀՀ զինանշանի հարցերով ու մի շարք մտահոգություններ ունի: Նա ՀՀ զինանշանի վրա անթույլատրելի թերություններ է նկատել, որոնք իր ձեւակերպմամբ, զուտ գեղարվեստական բնույթի չեն: «Սկզբում մտածում էի, որ դրանք գեղարվեստական թերություններ են, կարծում էի, որ այն նկարիչը, որ աշխատել է դրա վրա, պարզապես գրագետ չի արել իր գործը: Ի դեպ, հիմքում ՀՀ զինանշանը ստեղծել է Ռոբերտ Ղեւոնդյանը, որի բնօրինակը ոչ մի կերպ չեմ կարողացել հայտնաբերել կամ գուցե այն միտումնավոր ոչնչացվել է: Իսկ այն, ինչ հիմա ենք տեսնում` մի մասը ստեղծված է վատ, որովհետեւ գրագետ չի արված, մյուս մասի մեջ հատուկ դրված են բացասական նշաններ, որոնց մասին ժողովուրդը այլ եզրույթ է օգտագործում (նկատի ունի թուղթուգիրը-Գ.Հ): Դա մեզ ոչ միայն պատիվ չի բերում, այլեւ բացասական ազդեցություն է ունենում»,- հայտնեց պարոն Աղամյանը: Նա մեջբերեց Կոնֆուցիոսի այն միտքը, որ աշխարհը ղեկավարում են ոչ թե մարդիկ եւ օրենքները, այլ նշաններն ու խորհրդանշանները: Մեր զրուցակիցը հավելում է. «Հին աշխարհի բոլոր երկրների զինանշաններն իրենց մեջ կրում են դրական հույզեր ու ազդակներ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության զինանշանը բազմաթիվ բացասական ազդակներ ունի»: Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները (Արտաշիսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն): Վահանը պահում են արծիվը ու առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն: Առյուծն ու արծիվը խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության եւ արիության ուժը, իսկ սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը եւ խաղաղասիրությունը։

Կարեն Աղամյանը նշում է. «Վահանակիրները` առյուծը եւ արծիվը, որոնք միաժամանակ հանդիսանում են մեր երկրի պահապանները, մեր այսօրվա զինանշանում խեղճացած, հիվանդ էակներ են: Առյուծը լացակումած է, մեկ այլ կենդանու ականջներով, վախեցած` հետ քաշված, ճաղատ, ճակատը փոս ընկած: Մի բան, որ զինանշանագիտության (հերալդիկայի) մեջ արգելված է: Այն է, որ առյուծը չունի բացված ժանիքներ եւ լեզու: Նույնն էլ արծվի վիճակն է: Մեր սրի, որը մեր ուժը եւ հիմքն է, միայն կոթն է պատկերված, իսկ ծայրը գոյություն չունի, թաքնված է վահանի հետեւում, ու մենք չգիտենք, ունի ծայր, թե ոչ, մե՞ծ է, թե՞ փոքր է… Սուրը ջարդված է նկարված, ինչը, կարծում եմ, միտումնավոր է: Սուրը շղթայակապ է, սա նույնպես վատ խորհուրդ ունի: Սահմանադրության մեջ զինանշանի նկարագրությունը շատ հստակ է` պատկերված է շղթա, ժապավեն, հասկեր, ճյուղ, բայց ինչպիսի ճյուղ, ոչ ոք չգիտի, իսկ դա արգելված է, ճյուղը պետք է ինչ-որ բան խորհրդանշի: Մինչդեռ զինանշանի վրա անդեմ մի ճյուղ է, որը միայն անգրագիտության արդյունք չէ: Զինանշանագիտության օրենքներով միայն զինանշանը, որը ունի իր ազդակը, կարող է ունենալ ժապավեն: Մեր զինանշանի պարագայում դատարկ ժապավեն է, այն էլ հակառակ կողմից պատկերված, ու գուցե երեսին ինչ-որ բան գրված է, բայց մենք չգիտենք»,- մանրամասնում է Կարեն Աղամյանը: Նաեւ հավելում է. «Վահանի վրա պատկերված Բագրատունյաց թագավորության զինանշանի այն էակը, որ գլուխ, քիթ, բերան ու ոտքեր չունի, ծռմռված ինչ-որ անասուն է, իբր վերցված է Անիի մուտքի վերեւի ռելիեֆից, աղավաղված է, Արշակունյաց զինանշանի վրա իբր պատկերված է արծիվ, որը չի կարող թռչել, հաստ, մսոտ թեւեր ունի, բայց չունի ոտքեր, մարմին, ու բնավ նման չէ արծվի: Կան դրա ավելի սարսափելի տարբերակներ, որտեղ արծիվն ասես ձեռառնոցի լինի: Ավելի ծիծաղաշարժ է ՀՀ զինանշանի վրա պատկերված Կիլիկիո թագավորության առյուծի արտաքինը, որն ավելի շատ սմայլիկ է հիշեցնում, ծաղրանքի նման մի բան է, որը չեմ էլ ուզում մեկնաբանել: Ինչ վերաբերում է Տիգրան Մեծի թագի վրայի նշանին` երկու արծիվներին եւ արեւին, նշեմ, որ արեւը մի տեղ փակված է, որոշ տարբերակներում դարձել է ծաղիկ, իսկ արծիվները ոչ թե արծիվներ են, այլ հաստոտ ինչ-որ էակներ»:

Մեր զրույցի ընթացքում զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռանն ու Նոյյան տապանին էլ անդրադարձ եղավ: Կարեն Աղամյանը նշեց, որ տապանի փոխարեն ինչ-որ մակույկ է պատկերված, որը հաճախ ամպի կտոր է ընկալվում: Իսկ վահանակիր արծվի թեւն առհասարակ մարմնի հետ կապ չունի, բերանը փակ է, աչքերն էլ կուրացած: «Այս մասին գրեթե 10 տարի է ես ահազանգում եմ, կատարված է ահռելի աշխատանք, առկա են հազարավոր տարբերակներ, որոնցից մեկ-երկուսը հավանության են արժանացել մասնագետների, օրինակ՝ Գագիկ Մանասյանի կողմից: Բոլորը միաբերան ասում են, որ սա այն է, ինչ մեզ պետք է, բայց գործն այդպես էլ տարիներ շարունակ առաջ չի գնում: Կարծում եմ, որ նոր իշխանությունները շատ ավելի աչալուրջ պետք է լինեն զինանշանի հարցում, քանի որ այն մեր դեմքն է: Պատկերացնում եմ, թե ինչպիսի քմծիծաղով են նայում մեր զինանշանին օտարերկրացիները, մարդիկ, որոնք ինչ-որ չափով հասկանում են դրանից»,- նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահը: Կարեն Աղամալյանի առաջարկած տարբերակը։

Նա փաստում է, որ բոլոր երկրներում էլ զինանշանների հիմքը պահպանելով փոփոխություններ, շտկումներ են արվում, օրինակ, Ռուսաստանի ամբողջ պատմության ընթացքում զինանշանը 38 անգամ փոփոխվել է, ԱՄՆ զինանշանը 10 անգամ է փոխվել: Պարոն Աղամյանի բնորոշմամբ, վերջինս մեծ էներգիա ունեցող զինանշան է. «Մինչդեռ մենք կառչել ենք ինչ-որ մեկի արածի վրա, որին հետո ավելացվել են ավելի վատ նշաններ: Կարծում եմ` ուժային կառույցները պետք է հետաքրքրվեն, թե ո՞վ է այսպես աղավաղել մեր դեմքը, ո՞վ է պղծել մեր զինանշանը եւ համապատասխան պատասխանատվության ենթարկեն»: Աղամյանի խոսքերով. «Այս պահին ամբողջ փաթեթը պատրաստ է, առկա է եւ գունային լուծումը, եւ սեւուսպիտակը, միակ բանը, որ արժի քննարկել, զինանշանի ժապավենի վրա զետեղելիք ազդակն է: Այն հարյուրավոր մարդկանց հետ քննարկվել է ու խորհրդակցելուց հետո հանգել ենք այն մտքին, որ Հայաստանի ազդակը կարող է լինել օրինակ այսպիսին` «Ազգ, միասնություն, հայրենիք»: Ուսումնասիրել եմ աշխարհի շատ երկրների զինանշանների ազդակներ, դրանցում 2-4 բառ է օգտագործվում»: Կարեն Աղամյանը այլ առաջարկ էլ ունի, կարծում է, որ արժի Հայաստանում էլ ունենալ, ասենք, նախագահին կից Զինանշանագիտության խորհուրդ, որը կհետեւի բոլոր զինանշաններին ու խորհրդանիշներին, որոնք կիրառվում են պետական կառույցներում: Նկարիչների միության նախագահը հիշեցնում է, որ զինանշանագիտության կանոններին քաջատեղյակ են եղել Կիլիկյան թագավորությունում, այսօր էլ եվրոպական տոհմերի եւ պատմությունների մեջ պահպանվում են նրանց պատմական զինանշանները:

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Նյութը՝ aravot.am





Մեկնաբանել