Posted in Գրականություն Երաժշտություն Թատրոն Կինո Հոբբի Շքեղարվեստ

Թավշյա հեղափոխության մշակութային արձագանքը

Թավշյա հեղափոխության մշակութային արձագանքը Posted on May 16, 2018

2018-ի ապրիլը անհերքելի ու անջնջելի հետք թողեց Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Այսօր արդեն անվիճելի է, որ այս համաժողովրդական թավշյա հեղափոխությունն անգույն ու անհոգի կլիներ առանց մշակութային արձագանքի։

Այս հեղափոխության մշակութային ամենամեծ արձագանքը «Քաղաքացու երգն» էր, որ թեև ավելի վաղ էր ստեղծվել, բայց նվիրվեց 2018-ի ապրիլի «Իմ քայլը» շարժմանը։

Դեռ մարտի վերջին այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց  Նիկոլ Փաշինյանը՝ կցելով երգի ձայնագրությունը: Խոսքերի հեղինակը հենց նա է՝ հեղափոխության առաջնոդ Նիկոլ Փաշինյանը, երաժշտությունը և կատարումը` Հայկ Ստվերի: Հետո հաջորդեցին շարժմանն ու Նիկոլին նվիրված էլի մի քանի երգ։

Շարժման օրերին անհավանական արագությամբ սկսեց աճել «դուխով» գլխարկ կամ շապիկ ձեռք բերել ցանկացողների թիվը։ Ամեն ինչ սկսվեց դիզայներ Արա Ասլանյանի հեղինակած «դուխով» լոգոյով գլխարկից, հենց այդ առաջին օրինակն էր, որ կրեց նաև հեղափոխության առաջնորդը՝ հայտնի առևանգումից հետո։ Ի դեպ մինչև այսօր Ա Ասլանյանը փնտրում է այդ առաջին օրինակը, որ ձեռքից ձեռք անցնելով կորցրել է։

 Հեղինակը «դուխով» լոգոն պատահական չի ընտրել, դա հենց այն արտահայտությունն է, որ դուխ տալու համար հաճախ է օգտոգործվում, ու քանի որ այն շարժման մասնակիցներին ոգևորելու համար սկսեց հաճախ օգտագործել նաև Նիկոլ Փաշինյանը, ճիշտ ժամանակն էր վաղուց հղացած միտքը կյանքի կոչելու։ Հետո ստեղծվեցին նաև դրոշներ, շապիկներ։ Կարճ ժամանակ անց «դուխովը» դարձավ հեղափոխության գլխավոր խորհրդանիշը։

«Դուխովը» դեռ կապվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման հետ, սակայն հեղինակի համոզմամբ, շուտով այն կդառնա ընդհանրապես ջահելության, նոր Հայաստանի, նոր սերնդի ու հաղթանակի խորհրդանիշը։

Հեղափոխության երիտասարդական ավյունը ստեղծագործելու անսահմանափակ մտահղացումներ տվեց գեղագիր Ռուբեն Մալայանին։

Նա էր, որ շարժման օրերին ստեղծեց «անվախ սերունդ», «հաց բերողն արեց իր քայլը», «դուխով տղեք» «էվոլուցիա», «Նիկոլ վարչապետ», «հաղթանակը մերնա», «լավա լինելու Հայաստան» այս և բազմաթիվ այլ վերտառությամբ ազդագրեր։ Ինչպես հեղինակն է ասում, դրանք ստեղծվեցին հենց այն երիտասարդների համար, որոնց շատ բնորոշ էին․ «Չէ՞ որ իրական ուժը հենց նրանք են, որ իսկապես ոչինչից ու ոչ մեկից չեն վախենում և ապացուցեցին դա»,-կարծում է Ռ․ Մալայանը։

Հայաստանում իշխանափոխության պահանջով համաժողովրդական թեժ շարժմանը արձագանքեց մտավորականների մի ստվար խումբ: Եղան այնպիսիք, որոնք չեկան մեկ օրով ներկա ստանալու, եկան ու մնացին մինչև վերջ։

Շարժման ընթացքում՝ ապրիլի կեսից Նիկոլի կողքին էր նաև դերասան Հայկ Մարությանը կամ ինչպես հայտնի է՝ կարգին Հայկոն։

Մի օր եկավ, գրկախառնվեց քայլող Նիկոլի ու շարունակեցին միասին քայլել։ Այս հեղափոխությունն էր, որ կրկին միացրեց վաղեմի ընկերներին՝ Հայկո-Մկո արտահայտությունը էլի դարձավ արդիական։

Հետո արձագանքեց դերասան Սերգեյ Դանիելյանը կամ թե կուզեք՝ Յոժը։ Եկավ ու ասաց․ «Ես Մահաթմա Գանդիի հետևորդներից եմ եղել միշտ և վստահ եմ, որ խաղաղ ցույցերը, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, շատ ավելի ուժեղ է, քան ցանկացած ագրեսիա»:

«Ինձ համար այն նորագույն Զարթոնք է»,-հեղափոխությանն այսպես արձագանքեց  օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը,- «Երեք շաբաթ է՝ քուն ու դադար չունեի, անընդհատ հետևում էի Հայաստանում կատարվող իրադարձություններին, բայց երեկ վարչապետի ընտրությունը ստիպեց ինձ ամեն ինչ մի կողմ դնել ու վերադառնալ: Եկել եմ 16-ամյա աղջկաս հետ, ով ուզում էր անպայման տեսնել այս ամենը»։ Նրա խոսքով ՀՀ-ում կատարվողն ուղղակի աննախադեպ էր։

Հեղափոխությանը միացած մշակութային արձագանքն օրեցօր մեծանում էր՝  ընդլայնելով աշխարհագրությունը։ Շարժմանը միացան նաև սփյուռքի մտավորականներ։ Նրանց նպատակն էր ապահովել համաժողովրդական շարժումը ինտելեկտուալ, գաղափարական, հոգևոր հենքով, նրանց գլխավոր խնդիրը դարձավ զարթոնքի մեջ գտնվող երիտասարդության ոգին ամուր պահելը։

Սփյուռքից առաջին ու նշանավոր քայլ կատարողը Արսինե Խանջյանն էր, ով իր ֆեյսբուքյան էջում կատարած աղմկահարույց գրառումից օրեր անց Հայաստան եկավ հատուկ շարժմանն ու Նիկոլին միանալու համար։

Օդանավակայանից Երևան գալու ճանապարհին ուղղակի մեքենայից իջավ ու սկսեց ծաղիկներ բաժանել փողոցը փակած երիտասարդներին, հետո արդեն նրան ոչ միայն ծաղիկներ, այլև անփոխարինելի զգացողություններ փոխանցեցին Գյումրին ու Վանաձորը։ Ա․ Խանջյանը միացավ ավտոերթին։

Չուշացավ նաև այդ օրերին ամենասպասված հայի՝ Սերժ Թանկյանի արձագանքը։ Երկու շաբաթ շարունակ համացանցի միջոցով հայրենիքում իրականացվող աննախադեպ շարժմանը հետևած Թանկյանը դեռ օդանավակայանից ակամա դարձավ գլխավոր մասնակիցներից մեկը։

Իսկ արդեն Հանրապետության հրապարակում, համպատրաստից, նրա կատարած «Բարի արագիլ»-ը սիրո հեղափոխությունը լցրեց բարությամբ ու երջանկությամբ։

Թավշյա հեղափոխության ամբողջ ընթացքում համաժողովրդական շարժմանը համացանցի միջոցով հետևում էր նաև աշխարհահռչակ շանսոնյեն։ Ավարտին արդեն Շառլ Ազնավուրի ֆեսբուքյան էջին հայտնվեց ու վարկյանների արագությամբ տարածվեց մի գրառում, որը կարծես դարձավ շարժման մշակութային ու համամարդկային արձագանքի, բոլոր օրերի հույզերի ու սպասումների, անզուսպ հպարտության ազնավուրյան ազնիվ խտացումը․ «․․․ Մեզ՝ սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն և մարդասիրություն դրսևորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության և փոխըմբռնման տանող ճանապարհ չի կարող լինել․․․»,-գրել էր Շառլ Ազնավուրը։

LA LETTRE OUVERTE DE CHARLES AZNAVOUR / ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆMes très chers soeurs et frères…

Posted by Aznavour Foundation on Friday, 11 May 2018

 

 

 

 

 

 

Նարա Եփրեմյան

  • 5
    Shares