Posted in Գրականություն

Ես մեկի ստվերն եմ, ով մի ժամանակ ապրում էր․․․ Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Ես մեկի ստվերն եմ, ով մի ժամանակ ապրում էր․․․ Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին Posted on May 23, 2018

Ձեր նամակը ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներ ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, ով մի ժամանակ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:

  • 9
    Shares