Posted in Երաժշտություն

Ես` երաժշտությամբ, դու քո հոդվածներով պիտի մարդուն օգնենք… Նիկոլայ Մադոյան

Ես` երաժշտությամբ, դու քո հոդվածներով պիտի մարդուն օգնենք… Նիկոլայ Մադոյան Posted on June 2, 2018

-Սիրելի՛ Նիկոլայ, մեր այսօրվա հանդիպումը նվիրված է քո վերջին մշակութային սխրանքին` դու 33 ժամ անընդմեջ նվագեցիր համաշխարհային դասականների մոտ 60 ստեղծագործություն` ունենալով ժամը մեկ ընդամենը 5 րոպեանոց դադար առնելու հնարավորություն:

-2003թ. հնդիկ ջութակահար Աթհիրա Կրիշնան նվագեց 32 ժամ եւ Գինեսի ռեկորդ սահմանեց: 14 տարի ոչ ոք այս ռեկորդը չէր հաղթահարել: Եվ ահա 2017-ին ես փորձեցի նոր ռեկորդ սահմանել` 32-ի փոխարեն նվագելով ավելի քան 33 ժամ: Ասեմ, որ պայմանները նույնն են եւ սահմանված են Գինեսի ռեկորդների չափանիշներով:

-Դու՝ որպես ջութակահար, նվաճել ես բոլոր հնարավոր տիտղոսները, իրականացրել ես քո բոլոր երազանքները: Ի՞նչ նպատակ ուներ այս հիրավի բարդ ու տանջալի ռեկորդը:

-Դու զինվորական ես եւ ինձ ավելի լավ կհասկանաս: Ես իմ էությամբ նվաճող եմ: Իսկ ջութակը իմ տարերքն է. ես ջանում եմ չթողնել ջութակի որեւէ չնվաճված տարածք, որեւէ անմատչելի անկյուն… Մարդը պիտի ձգտի առավելագույնին: Քո այսօրը պիտի տարբերվի երեկվանից, որովհետեւ դու մեկ օր ավելի ես ապրել, այդ մեկ օրը պիտի ինչ-որ բան ավելացնի եղածին: Ես չգիտեմ` որտեղ է կատարելության սահմանը, բայց այն, որ մարդը պիտի ձգտի կատարելության, անվիճարկելի է:

-Հեշտ է այդպես խոսել, երբ դու հանճարեղ ես:

-Ես վստահ եմ, որ բոլոր մարդիկ հանճարեղ են: Եթե Աստված որոշել է այդքան մանրակրկիտ կերտել մարդուն ու կյանք տալ, ապա նրան շատ կարեւոր առաքելությամբ է ուղարկել աշխարհ: Պարզապես, մենք պիտի կարողանանք գտնել այն ճիշտ հողը, որի վրա կծաղկի մեր հանճարը: Ու պիտի շատ ու շատ աշխատենք: Դու գալիս ես իմ համերգին, լսում ես իմ նվագը ու ասում ես, որ ես հանճարեղ եմ: Իսկ դու գիտե՞ս, թե ես որքան եմ ջանացել, չարչարվել, որ Աստծու տված հանճարը դարձնեմ մեղեդի ու նվիրեմ մարդկանց: Մարդու հնարավորությունների սահմանը շատ մեծ է, բայց մենք չենք տքնում, մեզ նեղություն չենք տալիս ու դժգոհում ենք, որ հանճարեղ չենք: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են` չեմ կարող: Ես փորձում եմ: Փորձում եմ նորից ու նորից, մինչեւ կարողանում եմ:

-33 ժամ նվագելը երաժշտակա՞ն սխրանք է, թե՞՝ ֆիզիկական…

-Ջութակահարները երբեմն գանգատվում են, որ նվագելու ժամանակ ջութակը պահելու ճիգը հոգնեցնում է մարդուն, ձգում է մկանները, ինչը ազդում է կատարման որակի վրա:

-Ճիշտ է: Մայրս երազում էր, որ ես ջութակ նվագեմ, բայց ես ընտրեցի դաշնամուրը, որովհետեւ ջութակը օդում պահելուց համ ձեռքս էր ցավում, համ ծնոտս:

-Ես որոշեցի ստեղծել մի համակարգ, որ ջութակահարները կարողանան ծանրաբեռնվածությունը մկանների մի խմբից մյուս խմբին փոխանցել: Մեկ կամ երկու ժամվա համերգից հոգնող երաժիշտներին ես ոգեւորեցի` ցույց տալով, որ կարելի է նվագել 33 ժամ ու այնպես նվագել, որ հոգնությունը չազդի կատարման որակի վրա:

-Ես դա էի ուզում հարցնել: Այդ 60 ստեղծագործությունները դու նվագեցիր նույնքա՞ն վիրտուոզ, որքան Նիկոլայ Մադոյանն է նվագում համերգների եւ ձայնագրությունների ժամանակ:

-Իմ համերգին բազմաթիվ երաժիշտներ էին ներկա, կարող ես նրանց հարցնել: Այս ռեկորդը իմաստ չէր ունենա, եթե կատարման որակը ցածր լիներ: Այսինքն` ռեկորդը առաջին հերթին մշակութային է, գեղարվեստական: Ես սա ուզում եմ շեշտել: Ես մարզիկ չեմ, ես երաժիշտ եմ:

-Բայց համաձայնիր, նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն էր մեծ: Դու 33 ժամ չես քնել, նվագել ես:

-Ավելի շուտ` հոգեբանական էր: Սա այն դեպքն է, երբ դու հոգեբանորեն պատրաստ ես սխրանքի: Ես էլ քո արվեստի երկրպագուն եմ, կարդում եմ բոլոր հոդվածներդ: Ապրիլյան պատերազմի հերոս զինվորներին նվիրված շարքը ինձ շատ է ներշնչել: Քո հոդվածներում դու շատ ես խոսում հոգեբանական պատրաստվածության մասին: Կարեւորն այն է, թե քո ներքին զսպանակը որքան ես լարել եւ որքան ես վստահ, որ հաղթելու ես: Քո հոդվածներից մեկում գրված էր, որ երկու հայ զինվոր` 20 տարեկան երկու պատանի, ետ են մղել ադրբեջանցի հատուկջոկատայինների 40 հոգանոց ջոկատը: Սա ի՞նչ է, եթե ոչ հոգեբանական հաղթանակ:

-Դու ակապելլա ես նվագել, մենակ: 33 ժամ: Հնարավո՞ր է, որ սիրտը չդիմանար:

-Իհարկե, հնարավոր է: Ըստ Գինեսի ռեկորդների օրենքների, դու ստորագրում ես, որ գիտակցաբար ես գնում այդ քայլին` հասկանալով կյանքի համար հնարավոր վտանգները: Էքստրեմալ իրավիճակներն են բացահայտում մարդու թաքնված հնարավորությունները: Դու չե՞ս նկատել, որ դժվար կյանքով ապրած մարդիկ ավելի մեծ թռիչքներ են ունենում եւ ավելի վեր են բարձրանում, որովհետեւ ճնշումը դիմակայություն է արթնացնում: Նույնը եւ սահմանին է: Երբ հակառակորդը մեծ ուժերով գալիս է մեր տղաների վրա, նրանց մեջ արթնանում է քնած հերոսը: Հերոսն ապրում է բոլորիս մեջ: Պարզապես պիտի մենք գիտակցաբար հրենք ու արթնացնենք նրան:

-Ի դեպ, ինչո՞ւ էր հանդիսատեսի մեծ մասը զինվորական: Քաղաքացիական հագուստով մարդիկ ավելի քիչ էին:

-Զինվորականներն ինձ ներշնչում են, նրանք ուժեղ մարդիկ են ու հայրենիքի խորհրդանիշ են ինձ համար: Իմ վկաներն էլ էին զինվորականներ` հատուկջոկատայիններ էին: 4 ժամը մեկ նրանք փոխարինում էին մեկը մյուսին ու ինձ ուղեկցեցին այդ 33 ժամերի ընթացքում: Իմ զինվորական ընկերներից մեկը` գնդապետ Ալեքսան Մինասյանը, ապահովեց վկաների եւ մյուս զինվորականների ներկայությունը դահլիճում, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Ես քո հեռուստահարցազրույցը լսեցի: Դու խոսում էիր երաժշտական թերապիայի մասին: Ճիշտն ասած՝ լավ չհասկացա: Ի՞նչ կապ ունի երաժշտական թերապիան 33 ժամ անընդհատ նվագելու հետ:

-Երաժշտական թերապիան երաժշտությամբ մարդու հոգին ու մարմինը բուժելու մասին գիտություն է: 33 ժամ անընդմեջ նվագելը ֆենոմեն էր ու չէր կարող չհետաքրքրել այդ ոլորտի մասնագետներին, որոնք ցանկանում են պարզել, թե օրվա տարբեր ժամերին, խաղաղ եւ սթրեսային վիճակում ինչպես են արձագանքում մարդու հոգին, միտքը ու մարմինը հնչող երաժշտությանը: Եվ երաժշտական թերապիայով զբաղվող բազմաթիվ գիտական հիմնարկներ Գերմանիայից, Կանադայից, Հայաստանից ցանկություն ունեն ուսումնասիրելու այս ռեկորդը:

-Ռեկորդն արդեն տեղ է գտել մեր Դյուցազնագրքում, եւ հավանական է, որ կգրանցվի նաեւ Գինեսի ռեկորդների գրքում:

-Հուսանք: Երաժշտությունը երկխոսություն է, ուղղահայաց եւ հորիզոնական շփում` քո եւ տիեզերքի, քո եւ քեզ շրջապատող մարդկանց հետ: Եվ դու հավասարակշռության ես ձգտում:

-Ներդաշնակության:

-Թող լինի ներդաշնակություն, բայց, եթե ներդաշնակություն չկա, ծնվում է աղմուկ, քաոս: Աշխարհի բոլոր դժբախտությունների հիմքը հավասարակշռության բացակայությունն է: Էգոցենտրիզմը կտրում է կապերը, խախտում է հավասարակշռությունը: Դա ինքնասպանություն է, որովհետեւ դու կարող ես լիարժեք շնչել միայն ներդաշնակության մեջ:

-Էգոցենտրիզմն այն է, երբ դու շնչում ես ուրիշի բաժինը:

-Մենք նույն բանն ենք ասում: Ես` երաժշտությամբ, դու քո հոդվածներով պիտի մարդուն օգնենք, որ նա գտնի իր ներքին էներգիայի աղբյուրը ու սահմանի նոր չափանիշներ: Մենք պիտի հասկանանք, որ դիմացինի արարումը մեզ համար է: Այն մշակութային ժառանգություն է, որը մնալու է ու ծառայելու է սերունդներին: Մեզ տրված էր տիեզերքի չափ մեծ լինելու կարողություն, բայց մենք փոքրացել, դարձել ենք մի կետի չափ: Մենք երբեք չենք կարող դիպչել հորիզոնին, բայց պիտի մոտենանք նրան, որպեսզի նոր հորիզոն բացվի: Ու չպետք է վախենանք: Կյանքը մի մեծ արկած է ու ավարտվելու է, կարեւորն այն է, թե ինչ ես թողնելու քեզնից հետո երկրի վրա: Տիեզերքին ձուլվելուց առաջ դու պիտի ամեն օր ճշտես քո սահմաններն ու ընդլայնես դրանք: Սա է կյանքի բանաձեւը:

-Ի՞նչ է փոխել կյանքը քո վարքի մեջ: Ես ուզում եմ իմանալ` նվաճելով, հաղթահարելով, նոր հորիզոններ բացելով ու կատարելության ձգտելով` ի՞նչ նոր որակներ ես ձեռք բերել բնավորության մեջ:

-Ես ավելի գթասիրտ եմ դարձել: Սա շատ ցայտուն փոփոխություն է: Ես այսպիսին չէի 10-20 տարի առաջ: Չափազանց հանդուրժող եմ հիմա: Ու սիրտս շատ զգայուն է ուրիշի ցավի հանդեպ:

-Ինչի՞ պակաս ունես, ի՞նչ կուզենայիր ավելացնել քո կյանքում, Նիկոլա՛յ:

-Տիեզերքում երաժշտություն է հնչում, ես ուզում եմ, որ բոլորը լսեն այն: Երբ դու լսում ես այդ երաժշտությունը, ուզում ես վերջին շապիկդ հանել ու տալ փողոցով անցնող անծանոթին: Ուզում ես սրբել ինչ-որ մեկի արցունքը: Եվ այդ զգացումը քեզ երջանիկ է դարձնում:

Հեղինակ՝ Գայանե Պողոսյան

Նյութը՝  hayzinvor.am