Posted in Երաժշտություն

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը Posted on June 7, 2018

Այսօր, հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի մրցույթի բացման արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Բացման արարողությունը ուղիղ եթերում կհեռարձակի Մեդիչի TV-ն, որը դասական երաժշտության ամենահեղինակավոր հարթակներից է:
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է կոմպոզիտորի անունը կրող 14-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ: Խաչատրյանական մրցույթի հաղթողի պատվին արժանանալու համար կպայքարեն 9 երկրի 16 երաժիշտներ:

«Այս մրցույթի կարևորագույն նպատակը Խաչատրյանի արվեստի հանրահռչակումն է: 14 տարիների ընթացքում մենք 1000 հայտ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ առնվազն հազար երաժիշտ ծանոթացել է Խաչատրյանի արվեստին, սովորել է նվագել նրա ստեղծագործություններից որևէ մեկը: Մրցույթի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ հետագայում հանրահայտ դեպքեր ունենալն է: Լավագույն օրինակը Նարեկ Հախնազարյանն է, որն ուղիղ 12 տարի առաջ դարձավ խաչատրյանական մրցույթի հաղթող»,-Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին նվիրված ասուլիսում նշեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր խոսքում նշեց, որ տարիներ առաջ Խաչատրյանի մրցույթի Ոսկե մեդալն իր կյանքի առաջին կարևորագույն հաղթանակն է եղել.«Հաղթանակը հայրենիքում, իհարկե, մեծ պատիվ էր, և մինչ օրս մեծ պատվով եմ կրում Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողի տիտղոսը: Շատ լավ հիշողություններ ունեմ, ուշադիր հետևում եմ մրցույթին և ուրախանում նրա առաջընթացով ու հաջողություններով»:
Խաչատրյանի մրցույթի կարևորագույն ձեռքերումների ցանկում «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն առանձնացրեց անդամակցությունը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (2013 թվականին), ինչը մրցույթի բարձր վարկանիշի հստակ ցուցանիշ է:

Մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Ժյուրին նախագահելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին, ում բնորոշմամբ՝այս դեպքում էլ, ինչպես յուրաքանչյուր երաժշտական մրցույթից, կարևորագույն ակնկալիքը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է:

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

ՀՀ մշակույթի նախարարություն