Posted in Երաժշտություն

Մեկնարկում է «EPIC EYE» խորագրով երաժշտության և արվեստի միջազգային փառատոնը

Մեկնարկում է «EPIC EYE» խորագրով երաժշտության և արվեստի միջազգային փառատոնը Posted on August 15, 2018

2017 թվականից «ԷՊԻԿ» միջազգային նախագիծը Ծաղկաձորում իրականացնում է «EPIC Rock Camp» խորագրով ամենամյա բացօթյա երաժշտական փառատոնը: 2017 թվականից փառատոնը գրանցել է աննախադեպ արդյունք՝ 2000-ից ավելի մասնակից, ընդգրկվելով ԱՊՀ լավագույն 5 երաժշտական փառատոների ցանկում:

2018 թվականին «MAROG» մարքեթինգային գործակալության հետ համագործակցության արդյունքում՝ փառատոնը վերանվանվել է «EPIC EYE Music & Arts Festival-ի»՝ ընդլայնելով նախագծի ծավալները, ձևաչափը և երաժշտական ժանրերը:

«ԷՊԻԿ» կազմակերպությունն այս տարի փառատոնը կանցկացնի օգոստոսի 17-19-ը, Ծաղկաձորում, ՀՀ մշակույթի նախարարության, «ՌՈՔ» ասոցիացիայի և դիջեյների ասոցիացիայի աջակցությամբ: Փառատոնի բացումը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին։

Փառատոնին մասնակցում են Հայաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների ներկայացուցիչներ՝ անվանի կատարողներ և ռոք խմբեր. «Ten Walls» /Լիտվա/, «Paji» /Գերմանիա/, «Tube & Berger» /Գերմանիա/, «Supacooks» /Հայաստան/, «Mad & Nancy» /Հայաստան/, «Teom» /Հայաստան/, օգոստոսի 18-ին՝ «Poem» /Հունաստան/, «Vuur» /Նիդերլանդներ/, «Lady Heroine» /Վրաստան/, «Dogma» /Հայաստան/, «Vordan Karmir» /Հայաստան/, «Lelocity» /Հայաստան/, օգոստոսի 19-ին՝ «Leprous» /Նորվեգիա/, «Pierre Edel» /Ֆրանսիա/, «Antimatter» /Մեծ Բրիտանիա/, «Unaesthetic» /Հայաստան/, «Nemra» /Հայաստան/, «Rozen Tal» /Հայաստան/։

Փառատոնի շրջանակում տեղի կունենան երաժշտական, ցուցահանդեսային, մրցութային, ժամանցային և այլ ծրագրեր, ինչպես նաև առավոտյան ֆիթնես, յոգա, զումբա, զիփլայն, տարբեր սպորտաձևեր։

Հայաստանի լավագույն ընկերությունները՝ իրենց խոհարարներով տեղում կպատրաստեն և մասնակիցներին կապահովեն սննդի ծառայություններով։ Մասնակիցները կարող են գիշերել հատուկ նախատեսված վրաններում կամ նախագծի գործընկեր հյուրանոցներում՝ օգտվելով հատուկ զեղչերից։

Փառատոնի նպատակն է Հայաստանում կազմակերպել ամենամյա երաժշտության և արվեստի փառատոն, որտեղ արվեստը և երաժշտությունը կմիավորեն հազարավոր մարդկանց։ Փառատոնը կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում՝ որպես տուրիզմի նոր ուղղության։

mincult.am