Posted in Թատրոն

Տեսնես կերպարն է վերցրել հետը, թե՞ իրեն էր տարել բեմ

Տեսնես կերպարն է վերցրել հետը, թե՞ իրեն էր տարել բեմ Posted on September 3, 2018

Հիշում եմ հորաքույրս թատրոն շատ էր սիրում ու մենք միասին հանգստյան օրերին գնում էինք ներկայացում նայելու։ Տոն էր ինձ համար, երբ ուսանող հորաքրոջս հետ գնում էինք թատրոն, հետո երկար զբոսնում Աբովյան պուրակում , վայելում աշխարհի ամենահամով պաղպաղակն ու քննարկում ներկայացումը։ Մանկությանս ամենավառ հիշողություններից է թատրոն գնալը։ Անփոխարինելի գունավոր զգացմունքների տուփ, որ պահում եմ հոգուս ամենաթաքուն անկյունում։ Յուրաքանչյուրս էլ ունի իր ամենաթաքուն անկյունը, ուր պահում է իրենը․․․

Մի օր զբոսնում էի իմ հարազատ Երևանի Աբովյան պուրակում ու նորից ընկա հիշողությունների գիրկը, հանկարծ հասկացա, որ վաղուց չեմ եղել թատրոնում ու  գնացի ներկայացում նայելու։ Նստած թատրոնում անհամբեր սպասում էի  վարագույրի բացվելուն։ Բացվեց ու էլ չփակվեց վարագույրը, քանի որ դա թատրոնը չէր , իմ թատրոնը չէր, որ վարագույրից այն կողմ միշտ ուրիշ էր լինում, դա  փողոցն էր, որտեղ լսելի էին նույն տեքստերը, մարդիկ , ում դու հանդիպում ես ամեն օր, դերասանուհիներից մեկն էլ հագել էր հարևանուհուս շորից․․․Ժամանակակից թատրո՞ն, ժամանկակից մոտեցու՞մ։ Չգիտեմ, թե այդ ո՞րն է արվեստի ժամանակակից մոտեցումը, երբ այն դառնում է ոչինչ ոչնչի մասին, երբ արվեստի հետ շփումից առաջին հերթին շունչդ է կտրվում, որովհետև վատ արվեստ չի լինում, եթե վատ է ուրեմն արվեստ չէ։ Ներկայացումը մեղմ ասած իզուր էր։

Հիասթափված մեր «ժամանակակից թատրոնից»  քայլեցի դեպի մոտակա կանգառ։ Ավտոբուսում նստած էր այդ  «ժամանակակից թատրոնի» դերասանը։ Ինձնից շուտ էր հասել կանգառ։ Երրորդ կանգառում նկատեցի, որ հագին նույն վերնաշապիկն էր, ինչ բեմում։ Նստած նայում էի ու մտածում․ «Տեսնես կերպարն է վերցրել հետը, թե՞ իրեն էր տարել բեմ»։ Չորրորդ կանգառում զանգեց նրա հեռախոսը․ «Ալո, հա ջանա, լավ եմ, հեսա կհասնեմ, չգիտեմ, խաղացի ու թռա»։ Փաստորեն թռել էր, դրա համար էր ինձնից շուտ կանգառ հասել։ «Ժամանակակից թատրոնի» դերասնները  թռչել գիտեն։ Վատ չԷ։  Շարունակում ենք ճանապարհը խաղացած-թռածի հետ։ Կանգառ վեցերորդ․ «Դուռը կբացե՞ս իջնեմ, թե՞ պատուհանից թռնեմ»։ Գնաց։ Այստեղ բաժանվեցինք ես ու իմ երբեմնի թատրոնի մարդու հանդեպ տածած հարգանքն ու ակնածանքը, քիչ էր մնում մանկությանս տուփը փշրվեր ու հօդս ցնդեր ամեն ինչ, ինչ պահում եմ հոգուս թաքուն անկյունում՝ իմ տուփում, եթե չլիներ կողքիս նստած դեռահասի արհամարհական հարցն իր մայրիկին․ «Մա՛մ, էսօրվա ներկայացման դերասանը չէ՞ր»։

Եկա տուն։ Մի ամբողջ օր մտածում էի  «ժամանակակից թատրոն» տեսած դեռահասի տուփի մասին․․․

Լիլիթ Բաբայան

  • 11
    Shares