Posted in Գրականություն

Այդ ո՞վ է այսքան քար կիտել այստեղ

Այդ ո՞վ է այսքան քար կիտել այստեղ Posted on September 4, 2018

Ես Հայկական բարձրավանդակով անցնում էի տարվա այն պահին, երբ գագաթներն արդեն ձնում էին։ Հրազդանից Երևան տանող ճանապարհին ես տեսա թմբերին նստած թռչունների երամ։ Ես զարմացա նրանց անշարժության վրա։ Մոտենալով, ես տեսա, որ դրանք թռչուններ չեն։ Քարե՜ր են․․․

Մենք՝, անսահման, հարթ տափաստանների բնակիչներս, զարմանքով դիտելով ծառս եղած Հայաստանը, հարցնում ենք՝ «Այդ ո՞վ է այսքան քար կիտել այստեղ»։ Քարեր և քարերի մեջ արածող ոչխարներ։ Ահա հիմա ևս հեռվում, լեռան ստորոտում տեսնում եմ ոչխարների գանգրահեր գորշ հոտը։ Մոտենալով, ես տեսա, որ դրանք ոչխարներ չեն, քարե՜ր են․․․

Չէ, այլևս դուք ինձ չեք խաբի,-սրտնեղությամբ մտածեցի ես՝ դիմելով քարերին։ Ոչ, ոչ, դրանք քնած փղերի մսագնդեր չեն, դեղնագորշ խոտով պատած քարե՜ր են դրանք։ Ոչ, ոչ, դուք ինձ չեք խաբի․դրանք իրենց բների առջև ետևի ոտքերին կանգնած և հետաքրքրությամբ շրջապատը դիտող գետնասկյուռներ չեն, փշաքաղված քարե՜ր են դրանք։ Քարից ու փշատերև թփերից  բացի ուրիշ բան չկա։ Ձանձրույթ է բերում այս քարքարոտ անկենդանությունը։ Փառք Աստծո, վերջապես մարդիկ երևացին։

Մոտենալով, ես տեսա, որ դրանք մարդիկ չեն։ Քարե՜ր են․․․

Եվ ես հանձնվեցի։

Քարերը կենդանի արարածների նման շարժվում են, նրանք մերթ մոտենում էին մեր ավտոմեքենային, մերթ ցրվում, մերթ կրկին կուտակվում իրար գլխի և վայու՜մ, ճչու՜մ․․․

Այո, ճչու՜մ էին․․․ Մեքենան կանգնացրի , դուրս եկա։ Կանգնել էի քարերի մեջ։ Ականջիս էր հասնում նրանց լուռ գվվոցը։ Այո, նրանք խոսում էին մերթ փլուզումների որոտով, մերթ գլորվող գլաքարի արագախոսությամբ, մերթ ոտքի տակ խշշացող ավազի շշուկով, մերթ լեռներից գահավեժ ժայռաբեկորների ճչոցով։ Բայց «ես չեմ կարող լռել» բառերից բացի, ես ուրիշ բան չկարողացա հասկանալ․․․

Հատված  «Հայաստան, Հայաստան» ստեղծագործությունից

Հեղինակ՝ Լեվ Սլավին