Posted in Երաժշտություն

Մոցարտի երաժշտության բուժարար ազդեցությունը

Մոցարտի երաժշտության բուժարար ազդեցությունը Posted on June 3, 2019

«Մոցարտի երաժշտությունը հնարավորություն է տալիս բացահայտել մեր ուղեղի թաքնված հնարավորությունները» Գորդոն Շոու /նյարդաբան, ֆիզիկոս ԱՄՆ/։

Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությունը (1756-1791)  մարդկանց առողջության վրա կարողանում է թողնել շատ մեծ ազդեցություն: Ավելին, այս կոմպոզիտորի երաժշտությունը կարող է ստեղծել անհավատալի բաներ, որոնք բուժում են մարդկանց մեծ թվով հիվանդություններ: Դա ապացուցում են աշխարհի տարբեր երկրներում գիտնականների, բժիշկների և հոգեբանների բազմաթիվ անկախ ուսումնասիրությունները:

1995 թ.-ին հոգեբան Ֆրենսիս Ռաուզերը (ԱՄՆ) փորձեր է անցկացրել առնետների հետ (հայտնի է, որ այդ կենդանիները առհասարակ չեն արձագանքում երաժշտությանը): Առնետներ տեղադրեցին մի սենյակում, որտեղ 2 ամիս, օրը 12 ժամ  հնչում է Մոցարտի դո-մաժոր սոնետը: Պարզվեց, որ դրանից հետո այդ առնետները 27% -ով ավելի արագ էին կողմնորշվում լաբիրինթոսում, քան մնացած առնետները, որոնք այդ 2 ամիսն անցկացրել էին սովորական միջավայրում։ Այս փորձը հաստատում է այն փաստը, որ կենդանի օրգանիզմների վրա (այդ թվում` մարդկանց) երաժշտության ազդեցությունը  նյարդաբանական է, այլ ոչ թե՝ զգացմունքային:

Գիտնականները նաև մի փորձարկման հետևանքով եկել են այն եզրակացության, որ Մոցարտի երաժշտությունը կարող է մեղմացնել Էպիլեպսիան․ էպիլեպսիայով հիվանդ 36 հոգու համար միացրել են Մոցարտի երաժշտությունը, հիվանդներից 29-ի մոտ նկատվել է, որ հիվանդությունն ուղեկցող նոպայի ընթացքում, ուղեղը համեմատաբար թեթև է արձագանքում նոպաներ հրահրող ալիքներին։

Մոցարտի երաժշտության թերապեևտիկ ազդեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այնտեղ շատ բարձր է հաճախականությունը: Նախ Մոցարտի երաժշտության հնչյունները մարզում են միջին ականջի մկանները, երկրորդ՝  հնչում է 3․000-ից մինչեւ 8․000 Հց  և առաջացնում է առավել մեծ ռեզոնանս գլխուղեղում, իսկ սա ուղղակիորեն խթանում է մտածողությունը և  բարելավում  հիշողությունը:

20-րդ դարի երկրորդ կեսին: Ամերիկացի հետազոտող Դոն Քեմբելը գրել է «The Mozart Effect» գիրքը, որն անմիջապես տարածում է գտել աշխարհի շատ երկրներում․ բոլորն ուզում էին լսել Մոցարտի ստեղծագործությունները։

Մոցարտի երաժշտությունը դրական է ադրադառնում նաև երեխաների վրա։ Մոցարտը երեխաների համար «ամենահարմար» կոմպոզիտորն է: Աշխարհի շատ երկրներում կատարված մեծ քանակությամբ գիտական ​​հետազոտություններ ցույց են տալիս, որ Մոցարտի ներդաշնակ, պայծառ ու նրբաճաշակ, պարզ երաժշտությունը մեծապես դրական ազդեցություն ունի երեխայի հոգու, ինտելեկտի և ստեղծագործական մտքի զարգացման վրա: Մոցարտը, լինելով հանճար բնությունից, դարձել է կոմպոզիտոր 4 տարեկանում և միգուցե դա է պատճառը, որ նրա ստեղծագործություններում  նշմարվում է մանկական մաքրամաքուր ընկալումը, ինչն էլ ենթագիտակցորեն զգում են փոքրիկ ունկնդիրները։

Նյութի հեղինակ՝ Ռուզաննա Դավթյան