Posted in Գրականություն

ՏՈՒՆ, ՈՐՆ ԻՆՁ ՉՍԻՐԵՑ Մելուշ Ապիկյան

ՏՈՒՆ, ՈՐՆ ԻՆՁ ՉՍԻՐԵՑ Մելուշ Ապիկյան Posted on July 10, 2019

Նորից էս մարդակեր զգացումը…
Տնաշենը ոչ ժամ ունի,
ոչ պատարագ:
______
Բարև տուն: Դու արդեն տասնյոթ տարի ինձ ճանաչում ես ու քո անառակ ձագ-պատերի ականջների մեջ իմ կենսագրության աուդիոն է խշշում:
Չէ:
Խշշալը չափից դուրս գեղարվեստական է: Դռռում է, խզզում է, ինքնամոռաց թմբկաթաղանթ է քերում ու նման զզվելի մի բան:
Բարև տուն: Ես գրիչով նկարում եմ քո պլոկված պաստառներին ու սիրում եմ քեզ:
Տանն եմ, տուն: Ես քնում եմ քո կիսաչոր բազմոցին ու սիրում եմ քեզ:
Քոնն եմ, տուն: Քեզ վերանորոգում են, դու փոշու մեջ կորած ես, անտանելի տեսք ունես ու ես սիրում եմ քեզ:
Արթու՞ն ես, տուն: Առավոտյան յոթին, մայրս էն աշխարհ գնալով ինձ հանում է քնից, հագցնում է, լվանում է դեմքս, կապում մազերս, զոռով դպրոց է ուղարկում ու ես սիրում եմ քեզ:
Տուն: Տուն: Տուն: Տուն: Տուն: Տուն: Տուն:
…………………………………………………………………:
-Բարլուս, տուն: Կարող ա թողնես ներս մտնե՞մ:
-Ինչի ես էկել ապուշ:
– Ես մեջդ եմ ապրում: Ապուշն էլ պապադ ա:
-Ուր էլ գնաս, հետ ես գալու: Կամ էլ կդառնաս բոմժ: Բա քեզ պե՞տք ա:
Բազմակետեր:
Եկել եմ, տուն:
Ես քարը փեշիցս թափելու ծանրակշիռ որոշումն եմ կայացնում ու խոստովանում եմ, որ ինչ-որ բան է փոխվել:
Դե մամայի սիրած վազը կոտրվել է, բայց էդ տանելի է մի քիչ:
Հայրս արդեն ուրիշ սիգարետ է ծխում, եղբորս դեմքին մեծ մարդու հայացք է իջել,
իսկ տեղս գրավելու է եկել մի չաղ ու գոռոզ կատու:
Գնա գրողի ծոցը, տուն:
Անառակ ձագ-պատերդ նենց հայացքով են նայում, մի պահ շփոթվում եմ`
կարող ա ֆսյո տըկի անառակը ե՞ս եմ:
Դաստիարակածդ էս չի՞: Դու ինչ ես, որ ձագերդ ինչ լինեն:
Տուն: Հետս խաղեր մի խաղա:
Հիշեցնե՞մ, որ մենք տասնյոթ տարվա ծանոթներ ենք ու քո պատ-ձագերին առաջին անգամ ես եմ կուսությունից զրկել իմ երկու գույնանի գրիչով:
Էդ զրպարտող հայացքով չնայես:
Նույնն եմ, մազերս եմ կտրել մենակ, մեկ էլ առաջվանից ավելի խելացի եմ: Էնպես որ, հետս զգույշ խոսիր:
Ախր…
Ես քեզ իսկապես սիրել եմ: Սիրել եմ ու ամեն անգամ կռվել եմ մերոնց հետ, երբ քեզ վաճառելու մասին խոսակցություն են սկսել:
Տուն ծախելը` էդ ոնց որ մանկությունդ ծախես, ներսիդ եղածը ծախես, ապրածդ օրերը ծախես, էդ ոնց որ բովանդակությունդ ու կարդացածդ գրքի ամենասիրելի հերոսիդ ծախես:
Առաջին արտասանածդ բառը ծախես
ու
քեզ ծախես:
Սովորածդ սերը ծախես:
Ու դու էլ ինձ ես սիրել:
Գիտեմ, որ սիրել ես:
Հենց լացում էի, լույսերը տանում էիր, որ մարդ չտեսնի ու անմիջական տմբտմբացնում էիր ուսիս:
Իսկ հիմա:
Հիմա երկուսս էլ ուրիշ ենք:
Ես իմ մեջ նոր տուն սարքեցի, իսկ դու չներեցիր ընդամենը:
Կամ չհասկացար:
Մեջիցդ ինձ վտարեցիր, բայց քնելու տեղը ձեռքիցս չառար:
Էլ ուրիշ օյին ունեի՞ր:
Քո տասնյոթ տարվա ծանոթին, որ ձագերիդ նկարել սովորեցրեց, պատժեցիր ու խիղճդ չտանջեց:
Չսիրեցիր ու մեջդ պահեցիր, մեջս տարար, մեջս կենցաղով կերար ու սովորացրածդ սերը մեջս արտաթքեցիր:
Դու երբեք ինձ չես հասկանա:
Ախր դու տուն չունես
ու
չգիտես,
թե ինչքան
ահավոր է, երբ տունդ չես սիրում: Բայց սիրել ես:
Ու տունդ քեզնից վրեժ է հանում, որ մեջդ ուրիշ տուն ես սարքել ու ոչ թե դու ես ապրում էդ տան մեջ, այլ էդ տունն է մեջդ ապրում:
Չկա, չի եղել:
Չեղածի համար տունդ չի ներում:
Չեղածի համար:
Մի քիչ դաժան չե՞ս, տուն…