Posted in Գրականություն

21 Արմինե Բոյաջյանի հետ

21 Արմինե Բոյաջյանի հետ Posted on November 10, 2019

1.Գրական ամենասիրելի ժանրը  

Բոլոր ժանրերի մեջ կարելի է գտնել սիրելի ձեռագիր, սիրելի հեղինակ: Անձամբ ես տարբեր ժամանակներում տարբեր ժանրերով եմ տարվում: Մի քանի տարի է, ինչ սիրում եմ կարդալ պամֆլետներ` համեմված սատիրայով: Բայց վստահ եմ, որ դա էլ է ժամանակավոր: Տարիներ անց այս հարցին այլ կերպ եմ պատասխանելու:

  1. Ե՞րբ սկսեցիք մտքերը թղթին հանձնել

Դպրոցական շատ վաղ տարիքից: Բնականաբար, դրանք ստեղծագործություն կարելի  է համարել զուտ ինքնաարտահայտման տեսակետից: Գրականությամբ պրոֆեսիոնալ կերպով զբաղվում եմ այն պահից, երբ որոշեցի, որ դա է իմ մասնագիտությունը և ընդունվեցի Թատրոնի և կինոյի ինստիտուտ` սցենարադրամատուրգիական բաժին (այն ժամանակ` գրական աշխատանք, գրական ստեղծագործություն):

  1. Արդի ամենասիրելի հեղինակը

Այս պահին շատ տարված եմ հնդիկ մի հեղինակով` Սալման Ռուշդի… Բայց այս հարցին էլ ամիսներ անց այլ կերպ եմ պատասխանելու…

  1. Իսկ դասականների՞ց

Նրանք շատ են… չափից շատ… բոլորին պարզապես հնարավոր չէ նշել. Հոմերոսի գրականության նկատմամբ իմ անձնական գնահատականն ունի մեկ դրդապատճառ, Պլատոնի նկատմամբ` այլ… Դոստոևսկու սերն եմ սիրում, Չեխովի` մարդ տնտղելու խոշորացույցը, Տվենի պատմելու հանճարեղ ունակությունն է գրավում, Տոլստոյի` տեքստերի ծանրությունն ու կշիռը, Չարենցի հետ հասնել կարելի է մինչև խելահեղության սահման, եթե այդ սահմանն, իհարկե, գոյութուն ունի, իսկ Բրեխտի հետ` թափառել բեմում…

Իսկապես անհնար է մեկին առանձնացնել:

  1. Ստեղծագործելու համար ի՞նչ է հարկավոր Ձեզ

Ժամանակ ու հենվելու համար հարմար աթոռ:

  1. Ձեր մանկության երազանքը

Ես միշտ երազել եմ դառնալ լավ գրող: Հիմա էլ…

  1. Երբ լինում են հուսահատության պահեր ինչպե՞ս եք հաղթահարում

Ամեն ժամանակ ես նայում եմ Երկինք… Աստծո պատասխաններում են ապրում իմ հաղթանակները:

  1. Այս պահին ի՞նչ գիրք եք կարդում

Հենց այս պահին կարդացածս երկու գրքերը շատ գեղարվեստական չեն, պարզապես անհրաժեշտությունից բխված` Հ. Մամիկոնյան «Արտասահմանյան գրականության պատմություն. Վերածնության դարաշրջան», «История зарубежной литературы 20-ого века, 1917-1945», под редакцией Л. Андреева :

  1. Ի՞նչն է պակասում այսօր մեր մշակույթին

Կարևորվելը… Պետք է կարևորվի իրական մշակույթը:

  1. Պատահու՞մ է, որ մուսաները տևական ժամանակով լքեն Ձեզ

Այո´: Առհասարակ, յուրաքանչյուր ծնունդ ունի սպասման` սաղմնավորման ժամանակ: Ես պանիկայի մեջ չեմ ընկնում: Հանգիստ սպասում եմ. չգրելու ժամանակն էլ յուրովի գրելու ժամանակ է:

  1. Եթե հնարավորություն ունենայիք փոխելու որևէ ստեղծագործության ավարտը, ապա դա կլիներ

Ես չէի փոխի ոչ մի ստեղծագործություն… Անհամաձայնության դեպքում կգրեմ այն ավարտը, որն ինձ մոտ սկիզբ կդառնա:

  1. Սովորություն, որից երբեք չեք հրաժարվի

Բավականին մեծացել եմ` «երբեք» բառը չօգտագործելու համար:

  1. Առաջին գեղարվեստական գիրքը, որ կարդացել եք

Չեմ հիշում:

  1. Բացի Երևանից, քաղաք, որ կանչում է Ձեզ

Շատ քաղաքներ կան, որոնք ուզում եմ տեսնել, բայց չկա Երևանից բացի ինձ կանչող մեկ այլ քաղաք:

  1. Այս պահին աշխատու՞մ եք նոր ստեղծագործության վրա

Այս պահին ավարտման փուլում է միստիկ ժանրի վեպս, բայց կիսատ թողած էնքան ստեղծագործություն կա, որոնց և´ ուզում եմ վերադառնալ, և´ չեմ ուզում:

  1. Ի՞նչ խնդիրներ կան այսօր հայ գրականության ոլորտում

Գրականության ոլորտում խնդիրներ չկան. ունենք հրաշալի ստեղծագործողներ` տիպային ձեռագրով, սեփական ոճով, ասելիքով, չափուկշռով: Կա նաև հակառակը: Բնական ընթացք է` բոլոր ժամանակներում հանդիպող: Խնդիրներն ավելի շատ գրականության սպառման ոլորտում են. շուկան փոքր է, բամբասանքը, անիմաստ ու անհիմն պիտակավորումները շատ են:

  1. Մարդիկ, որոնք մեծ դեր են խաղացել Ձեր կյանքում

Հակված եմ մտածել, որ բոլոր նրանք, որոնց հանդիպել եմ, եկել են իմ կյանք ոչ պատահական առաքելությամբ: Դերերն, անշուշտ, եղել են մեծ ու փոքր, բայց ես կարևորում եմ երկուսն էլ` մեծի մեջ փոքրն ու փոքրի մեջ մեծը տեսնելով:

  1. Մարդիկ, որոնց շնորհակալ եք

Շատերին եմ շնորհակալ… ինձ մի բաժակ ջուր տվողին ու ընթացքս փոխողներին… Հատկապես շնորհակալ եմ ընտանիքիս, ծնողներիս` ինձ կյանքի հետ հենց այսպե´ս ծանոթացնելու համար, Վարպետիս` Ռուբեն Հովսեփյանին և մնացած ուսուցիչներիս` գրականության ու արվեստի հետ իմ ծանոթության համար ու մի քանի կարևոր մարդու` ինձ Աստծո հետ ծանոթացնելու համար…

  1. Երազանք, որ ուզում եք բարձրաձայնել

  1. Կյանքը, երբեմն անարդար է, բայց…

Կարևորն իմ վերաբերմունքն է կյանքին, մարդուն, կատարվածին:

  1. Ամենաթանկ հիշողությունը, որ կարող եք կիսվել

Ամենաթանկն ինձ համար պարզ ու սովորական երեկոներն էին, երբ մենք ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔՈՎ զրույցի էինք հավաքվում ԱՅՆ ՏԱՆ պատշգամբում, որտեղ ծնվել ու մեծացել եմ ես:





Մեկնաբանել