Posted in Հարցազրույց

Լույսի տակ Հովիկ Աֆյանն է

Լույսի տակ Հովիկ Աֆյանն է Posted on April 14, 2020

Ես` լույսի տակ

Գինեսի ռեկորդակիր եւ Նոբելյան դափնեկիր չեմ: Ոչ էլ Սորբոնն եմ ավարտել, չնայած շատ կուզեի գոնե հեռվից տեսնել Օքսվորդի համալսարանը, երեւի որովհետեւ Անգլիան ավելի շատ եմ սիրում, քան Ֆրանսիան: Իսկ ամենաշատը սիրում եմ կարմիր գույնը: Դրանով կարելի է եւ պատերազմել, եւ սիրել: Կապուտաչյա եւ խարտյաշ չեմ, ոչ էլ Գրողների միության անդամ… Սիրում եմ արեւածագերը, բայց ավելի շատ մայրամուտներին դրանց մասին երազելը: Եւ սիրում եմ ծովը, չնայած լողալ չեմ կարողանում, ավելին, վախենում եմ, երբ ոտքերս գետնին չեմ զգում: Առհասարակ ավելի շատ սիրում եմ: Օրինակ սպանել քաղաքականությունը: Հենց այդ պատճառով էլ ժամանակին կար մի հաղորդում, որը կոչվում էր Լույսի տակ, իսկ հիմա չկա: Չեմ սիրում, երբ ռեպորտաժներին վավերագրական կինո են ասում, հոդվածներին էլ` գրականություն: Ամեն ինչ եւ մեկը իր անունն ունի: Իմ անունը Հովիկ Աֆյան է: Ծնվել եմ քաղաքում եւ ամռանը, ինչպես եւ միշտ ցանկացել եմ ծնվել:

 

Գաղտնալսվող լռությանը սպասելիս

Ես չեմ սպասում դրան: Համոզված եմ, որ լռությունը գաղտնալսվում է, բայց չեմ ուզում ինքս լսել այն: Օրինակ մարդը մարդուն ոչինչ չի ասում, միայն նայում է: Եթե լռությունը լսելի լիներ, գուցե ատելություն լսվեր, կամ զզվանք, իսկ այսպես` սիրո հույս կա: Յուրաքանչյուր լռության մեջ սիրո հույս կա, քանի այն չի լսվել: Իմ աշխատասենյակում մի ցուցանակ եմ գրել-փակցրել` Լռությունը գրականություն է. ես սիրում եմ գրականությունը:

 

Գրականությո՞ւնն առանց բառերի

Իսկ գրականությունը լինում է բառերո՞վ… Շարադրությունը լինում է, հոդվածը լինում է, գրախոսությունը լինում է, հատկապես գրական քննադատությունը լինում է…Եթե գրականությունը եղավ բառերով, ոչ ոք այն չի հիշի:

 

Մարդն սկսվում եւ չի ավարտվում

Եթե իհարկե Բուդդան ճիշտ չէ եւ մենք լուսան կամ բադ չեն դառնում հետո: Իրականում, եթե մարդը չավարտվեց Աբելի սպանությունից հետո, առհասարակ Ադամի ընտանիքում, որի մասին, ի դեպ, մենք միայն վատը գիտենք, ոչ թե այն, թե ինչպես էր առաջին տղամարդը սիրում առաջին կնոջը, ուրեմն մարդն իսկապես նախանձի եւ սիրո պես հավերժ է: Իմիջիայլոց, իմ խորին համոզմամբ, սերը նախանձի տեսակ է: Սիրելով` մարդն ուզում է աստվածանալ, իսկ ուզում է աստվածանալ, քանի որ նախանձում է Նրա ամենակարողությունը։ Բայց մի խնդիր կա: Կոչվում է ստամոքս. հենց դա էլ խանգարում է մարդուն` աստվածանալ:

 

«Չաստվածաշունչ» գիրքը` Աստվածաշնչի կողքին

 Ճիշտ է: Ավելի ճիշտ ճշմարտություն է: Եթե կարող է եկեղեցու կողքին փող մուրացող սոված մարդ լինել, ապա ինչո՞ւ չի կարող Աստվածաշնչի կողքին «Չաստվածաշունչ» լինել եւ ինչո՞ւ չպետք է լինի: Կամ եթե տղան, որ կյանքում չի համբուրվել, պատերազմում ընկերոջ վերքից արյունոտված ձեռքերով կարմիր նամակ է գրում սիրած աղջկան, ապա չի՞ ապացուցում, որ «Չաստվածաշունչը» ոչ մի կերպ չի մարում Աստվածաշնչի լույսը: Դրա նպատակն էլ չունի: Համարձակությունն էլ:

 

Պատերազմ, թե չլիներ

Գարունները կլինեին սովորական եւ ձանձրալի, որովհետեւ չկա ավելի պայծառ գարուն, քան այն, որը հաջորդում է պատերազմին եւ կամ հենց պատերազմական է: Տղամարդիկ կլինեին իրենց ուժերի հանդեպ թերահավատ, իսկ կանայք էլի կնայեին պատուհաններից, բայց ոչ թե իրենց տղամարդկանց սպասելու, այլ ուղղակի նրանց չտեսնելու համար:

Եւ Հայաստանի հիմնը ուրիշ բառերով կլիներ, մանավանդ վերջին տունը:

Բայց երեխաները հայրեր կունենային եւ միայն սա բավարար է` գոռալու` պատերազմը, թե չլիներ, գարուն կլիներ:

 

Նահանջը` այս օրերի միջով

Իմ սիրած բառը` «Առաջ»-ն է: Ճիշտ է, հաճախ կարելի է խաբել, այդ թվում ինքդ քեզ,  եւ պտտվել ու առաջ գոռալ: Նահանջը եւս կարող է Առաջ լինել: Նահանջը վատ բան չէ, նույնիսկ հրաշալի բան է, երբ ատում ես, զզվում ես, ուզում ես սպանել, բռնաբարել, հերն անիծել, փշրել, ջարդել, գողանալ… Եւ եթե մի պահ մտածենք, թե աշխարհում այս օրերին քանի մարդ է ուզում հենց այս ամենից ինչ-որ բանն անել, ապա կզգանք, թե ինչ հաշալի բան է նահանջը:

 

Առ ոչինչ են պատվիրանները

Ես կարծում եմ, որ Աստված ինքը գիտեր այս մասին: Հակառակ դեպքում ինչո՞ւ այնպես արեց, որ ժողովուրդը, ի դեպ հրեա ժողովուրդը, իմացավ, որ հենց ինքն է դրանց հեղինակը, ոչ թե Մովսեսը: Նա գիտեր, որ եթե մարդիկ իմանան, որ Օրենքները իրենցից մեկն է ստեղծել, դրանք կհամարեին առ ոչինչ… Եւ քանի որ այդ` շատ բան տեսած հրեաներից չեն մնացել նույնիսկ այսօրվա Իսրայելում, պատվիրանները դարձել են Մարդու ստեղծած: Դա չի նշանակում, որ դրանք առ ոչինչ են, դա նշանակում է, որ դրանք դարձել են առ ոչինչ: Չգիտեմ` գյուղական տան նկուղում են, խոպան-հայրենիք ավտոբուսներում են, բանկերի չհրկիզվող պահարաններում են, թե ուր են… Աստծո պես են, բոլորս գիտենք, որ կա, բայց միայն այդքանը:

 

«Չաստվածաշունչ» Չ-ն ավելի է մոտեցնում Աստծուն, թե՞ հակառակը

Չ-ն ամենահրապուրիչ տառն է: Եթե կուզեք` ամենակարմիր տառը, քանի որ ցլամարտի կարմիրի նույն էֆեկտն ունի: Նետվում ես դեպի այն: Գրված է չաղտոտել, աղտոտում ես, չծխել` ծխում ես, չաղմկել` աղմկում ես…  Ուրեմն գոնե իմ Չ-ն ավելի է մոտեցնում Աստծուն, որովհետեւ ինչպես գարունն ես սկսում զգալ, երբ պատերազմ է, այնպես էլ Աստվածաշունչ ես զգում, երբ չաստվածաշունչ է:

 

Եթե աշխարհը ճանաչելի դառնա

Դա կլինի աշխարհի վերջը… Որովհետեւ աշխարհն ավելի հիասքանչ էր այն ժամանակ, երբ անգլիացի Ջեյմս Կուկը ոտք դրեց կանաչ մայրցամաք եւ չտեսնված բնիկները նրան ասացին` «կենգուրու»:

 

Կյանքը` ինքնամեկուսացողի պատուհանից

Հրաշալի…  որովհետեւ մենք այնտեղ չենք: Ու ինձ ամենաշատը զարմացնում են մարդիկ, որոնք անհամբեր սպասում են քաղաք վերադառնալու պահին: Ի՞նչ եք արել մինչեւ հիմա, որ կիսատ է մնացել…Ի՞նչ ենք արել մինչեւ հիմա եւ մի՞թե հրաշալի չէ, որ այն ինչը արել ենք` աշխարհում եւ աշխարհի հետ, կիսատ է մնացել…

 

 

Զրուցեց  Հաս Չախալյանը

 

Կարծիքներ

կարծիք





Մեկնաբանել