Posted in Հարցազրույց

«Անդին» ֆիլմն արդեն հասանելի է նաև հայ հանդիսատեսի համար

«Անդին» ֆիլմն արդեն հասանելի է նաև հայ հանդիսատեսի համար Posted on April 28, 2020

Մետաքսի ճանապարհից մինչև Գյումրիում գտնված Ցին դինաստիայի գավաթը. 2 ժամ տևողությամբ պատմական ճանապարհորդության՝ հայոց պատմության չբացահայտված էջերով:

Ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին: Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմն օրեր առաջ  հասանելի դարձավ նաև համացանցում:
2011-ին մեկնարկած և 3 տարի տևած նկարահանումների արդյունքում ֆիլմի հեղինակը հանդիսատեսին տեղափոխում է դեռ չբացահայտված աշխարհ և միասին ճամփորդելով՝ օգնում բացահայտել հայ-չինական բարեկամական հարաբերությունների և Մետաքսի ճանապարհի այլ երկրների հետ կապերի պատմական անցյալը:
Ռեժիսորի խոսքերով, իրենց առաջնային նպատակն է եղել ստեղծել ֆիլմ, որը հետաքրքիր կլիներ ոչ միայն պատմաբաններին, այլև՝ հասարակ հանդիսատեսին:

«Նկարահանումների մեկնարկի պահից ես՝ որպես ռեժսիսոր, փորձեցի գիտական բացահայտումներն ու փաստերը շարադրել կինոյի լեզվով, բառը դարձնել տեսանյութ։  Անցել ենք 80.000 կմ, ինչը համազոր է նրան, եթե մենք երկու անգամ պտույտ կատարեինք մոլորակի շուրջ՝ միայն թե ցույց տանք հանդիսատեսին այն ամենը, ինչի մասին գրված էր գիտական հոդվածներում կամ վաղուց մոռացված առասպելներում»-, նշում է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը:

2014-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցած փակ պրեմիերայից հետո ֆիլմը դուրս եկավ միջազգային շուկա, հասավ նույնիսկ Ստամբուլ և այստեղ ևս պատմեց հայոց պատմության դեռ չբացահայտված դրվագների մասին: 6 տարվա ընթացքում ֆիլմը հայ հանդիսատեսի համար դեռ մնում էր չբացահայտված, մինչ դեռ աշխարհի տասնյակ ազգեր շարունակում էին նորովի բացահայտել Հայաստանն ու հայոց պատմությունը: Ֆիլմի ռեժիսորը նշում է, որ մեծ ցանկություն կար հայ հանդիսատեսին ցուցադրել ֆիլմը, սակայն երկրում իրար հաջորդող ներքաղաքական իրադարձություններն անընդհատ երկարաձգում էին այդ պահը:

«Վերջին տարիներին մշակութային թեմաներն ու նորությունները կարծես այդքան էլ արդիական չէին՝ այն էլ երկրի սահմաններից դուրս կատարվող: Անկասկած, կային մարդիկ, որոնք  պատրաստ էին Հայաստանում ֆիլմը հասցնել հանդիսատեսին, բայց զգում էինք, որ դեռ ժամանակը չի հասունացել: Բայց այսօր, երբ հազարավոր մարդիկ մեկուսացված են տանը, իսկական ժամանակն է հնարավորություն տալ հանդիսատեսին ճամփորդել և բացահայտել պատմության նոր էջեր»,- նշում է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը:

Ֆիլմն ինքնին պատմական արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև Չինաստանի և Միջին Արևելքի այլ երկրների համար, քանի որ նկարահանումների ընթացքում բազում գտածոներ են հայտնաբերվել: Գտնվել են կորած համարվող փաստաթղթեր (Չինաստանի 19-րդ դարի հայկական համայնքի կանոնադրություն), բացահայտվել է 700 տարվա հնություն ունեցող հայկական տառերով հայտնի Պանտուսովյան քարի գտնվելու վայրը, Գյումրիում գտնվել է չինական Ցին դինաստիայի գավաթը, առաջին անգամ ցուցադրվել է չինական Աստվածաշնչի հեղինակ Յոհաննես Լասարի կենսագրությունը: Պատմության մեջ առաջին անգամ վերականգնվել է նաև Դվին քաղաքի տեսքը 3D պատկերով:

 

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=pswkbz6QkZw&t=3150s

 

 

 

Կարծիքներ

կարծիք





Մեկնաբանել