Posted in Գրականություն

Պոեզիա․ Ջալալադդին Ռումի

Պոեզիա․ Ջալալադդին Ռումի Posted on June 10, 2019
Երեք թիթեռնիկ

Մենք ամենքս՝ հանց առասպել սիրահարաց աշխարհում,
Իբրև երեք թիթեռնիկներ դեպի հուրն ենք սավառնում:
Առաջինը մոտ թռչելով, կանգնում դիմացն այդ հրո
Եւ ձայնում է, թե՝ ես գիտեմ լուսե բնոյթը սիրո:
Երկրորդն իր նուրբ թևի ծայրով կամաց հպվում է հրին
Եւ ասում է՝ սերը սաստիկ այրել գիտե ամենքին:
Իսկ երրորդը  լուռ նետվելով, սուզվում է վառ բովի մեջ.
Այո, միայն նա՛ է տեղյակ՝ ո՛րն է սերը այդ անշեջ:


Դե, բացվի՛ր, ո՜վ օր, որ ամեն հյուլեդ պար գա թեժ խինդով:
Ա՜խ, Նրա շունչն է խելառ պտտում աշխարհը սիրով:
Գլուխը կորցրած՝ պտույտ է գալիս ամեն գիժ հոգի,
Մո՛տ եկ, շշնջամ, թէ՝ ո՛ւր է տանում պարն այդ հոգեթով:


Դու քաղցր նայիր օդի և հողի ամեն հյուլէի,
Քանզի նա նույնպես ինքն իրեն կորցրած մի խենթ է մեզ պես:
Ուրախ թե տրտում՝ ամեն մի հյուլե յարն է արևի.
Մարդկային լեզվով այդ սիրո մասին, դե, էլ ի՞նչ ասես:


Նայեցի ջրին և իբրև տեսիլ տեսա ինքս ինձ:
Շրջեցի ծովում՝ իբրև պղպջակ տեսա ինքս ինձ:
Դարձա իմաստուն և զգացի ես ինձ իբրև մի անգետ:
Քնից վեր ելա և իբրև քնած տեսա ինքս ինձ:


Քավ լիցի, թե՝ անզգույշ ասեմ՝ դու լուսին ես շողացող,
Կամ թե՝ դալար հասակը քո նոճի է՝ վեր խոյացող:
Ունի՞ արդյոք լուսինը վառ ալ շրթունքներ քաղցրածոր,
Եվ կամ ունի՞ նոճին իր մեջ հոգին այդ նուրբ դողացող:


Երբ իմ էությամբ մի օր դարձա ես բովանդակ մի ծով
Լույսով շողացին մասնիկներն իմ բյուր իրենց հմայքով:
Դեպ սիրո դուռը տանող շավիղին այրվեցի հանց մոմ,
Եվ ի մի եկան ժամերը կյանքիս իրենց ողջ խմբով:

 

Թարգմանությունը՝ Արշակ Դպիր Պետրոսեանի





Մեկնաբանել