Posted in Գրականություն

ՄԵՆԹՈԼՈՎ ԾԽԱԽՈՏ Սաթե Հովակիմյան

ՄԵՆԹՈԼՈՎ ԾԽԱԽՈՏ Սաթե Հովակիմյան Posted on June 13, 2019

Արևոտ  էր, դուրս եկա փողոց, մտածելով, որ կարելի է  մի փոքր զբոսնել նախքան  Մարինայի մոտ հասնելը, սակայն այստեղ միշտ էլ արևը խաբուսիկ է, և  շատ հաճախ արևին անմիջապես հաջորդում է հորդառատ անձրևի լպիրշ քրքիջը:  Ընդամենը երկու րոպե առաջ թվում էր՝ ամեն ինչ իր տեղում է. անթարթ ծառերը,  բակի մեջտեղում անշարժ կախված ճոճանակները, մուտքերի մոտ քար կտրած տատիկները, որ երբեմն-երբեմն մեքենաբար  տոպրակից հացի փշուր էին թափում սևերես  անկուշտ աղավնիների դիմաց: Հանկարծ  կաթվածահար եղածի կախ բերան հիշեցնող ամպը մի կերպ բացվեց  ու  փողոցը մեծ-մեծ ումպերով տարափ  լակեց: Ես մի պահ Նարցիսի ինքնամոռացությամբ կանգ առա, կախեցի գլուխս՝ անձրևաջրի մեջ որսալով ջրալի դիմանկարս, բայց  տուն շտապող փոքրիկ չարաճճիի ոտնահետքի հարվածը արտացոլանքիս վրա,  ստիպեց  արագացնել քայլերս դեպի  Մարինայի՝ այդքան  դյութիչ ու միաժամանակ սարսափելի կրպակը, ուր հաճախ եղբորս խնդրանքով գալիս եմ ծխախոտ գնելու: Երկու քայլաչափ տարածքի մի մասում  գարեջրի շշերն են տեղավորվում, մյուս հատվածում՝ ծխախոտի տուփերը: Կրպակի ուղիղ մեջտեղում՝ դիվային  ժպիտով, վառվող ածուխներ հիշեցնող աչքերով  փոքրամարմին վաճառողուհին  է, ում հաճախ կատակով դիմում եմ՝ Մոռանա, իսկ նա նեղվելու փոխարեն, էլ ավելի է կայտառանում:

-Մահվան  հետ լավ հարաբերությունների մեջ ես, չէ՞:

-Կասկածու՞մ էիր, էլի եղբայրն է ուղարկե՞լ:

Արդեն  պատրաստվում է դարակից առանձնացնել տուփը, սակայն ասում եմ, որ այս անգամ ինձ է պետք, բայց  նույնիսկ չգիտեմ ինչ վերցնել: Տուփերը երկար ուսումնասիրելուց հետո աչքովս է ընկնում  «Էսսե»  գրվածքը:

«Գրողի համար ամենալավ տարբերակն է»,- մտածում եմ ու խնդրում տալ հենց դա, հնարավորության  դեպքում՝  մենթոլով:

– Կոճակո՞վը, փաստորեն:

Շփոթմունքս նկատելով՝ սեղանիկին է դնում տուփը և բացատրում ինչպես սեղմել միջի կապսուլան: Ինձ այդ ամենը գրավում է, սակայն  խնդրում եմ փոխել այն մեկ այլ տուփով, բացատրելով, որ վրայի գանգրենոզ նկարից սիրտս խառնեց, անդուր տեսարան է:

– Ցավոք, առանց  նման գեղեցիկ նկարների ծխելն արգելված է: Բոլորիս ճանապարհներն էլ իմ խանութով են անցնում, անհոգ եղիր:

Մենք դուրս ենք  գալիս խանութից՝ միասին մոտեցնելու անխուսափելիի փոքրիկ, բայց  նշանակալի քայլը:

-Այն ինչ մեզ չի սպանում, ստիպում է նոր տուփ գնել ու կրկին փորձել,- կատակում է Մարինան ու անսպասելի հեծկլտում:

Տան  վարձը ուշացնելու պատճառով  տիրուհին հանել է տանից, սիրեկանը երեկ նոր սիրուհի է գտել (հո անտուն չէ՞ր մնալու),  դաղստանցի խանութի տերը զգուշացրել է, որ եթե մեկ անգամ էլ խանութի խմիչքից օգտվի, շամպայնի խցանի  պես հեռու է թռչելու:

-Գիտե՞ս, քառասունս  էսօր լրացավ, ես քեզ հյուրասիրում եմ, արի մի-մի բաժակ կենացս խմենք, չի իմանա, իսկ թե իմացավ, թքա՛ծ, ինձ ի՞նչ, մեկ այլ տեղ կգնամ,  մեկ ա, խմիչքից ու սիգարետից  ա ստեղծված իմ կյանքը: Տես է՜հ, կյանքում տեղս ոց էլ գտա,  իսկ կար ժամանակ, երբ վստահ էի, թե գիտեմ ով եմ ու ինչ ա ինձ սպասվում: Էն ոնց ես ինձ ասու՞մ, Մոռանա՞:

-Հա, մահվան  աստվածուհին  ես, մեծ հաշվով ճիշտ եմ դիմում, բայց պաշտոնդ մի չարաշահի, քեզ խմել պետք չի, -սփոփում եմ ու խորը քաշում մենթոլով ծխախոտը:

– Մենք իրար երբեք չենք հասկանա, -ծուխը վրաս է փչում Մարինան՝ սառը, անտարբեր հայացքով:

-Ես էլ քեզ պես էմիգրանտ եմ, իզուր ես այդպես ասում, -փորձում եմ արդարանալ:

– Էս մոլորված  մոլորակում բոլորս ենք էմիգրանտ, ափոսոս քչերը գիտեն էդ մասին: Կար ժամանակ, երբ ես մեկ սենյականոց ունեի,  սեփական մեկ սենյականոց՝  Դոնեցկի կենտրոնում, ու երեսուներկու աշակերտով դասարան  ունեի, իսկ հիմա ապրում եմ էս երկաթե կրպակում, որտեղ անգամ արտաքնոց չկա: Ես ժամանակից դուրս եմ, հիանալի ա, չէ՞: Ու երևի իմ  խմելու վախտ ա, կներես:

Մարինան խոսքն ավարտելուն պես հանգցրեց   ծխախոտը, շրջվեց դեպի ինձ ու ավելացրեց,- ”Да пошли вы все на х*й!”,-ու   ներս մտավ  կրպակ:

Ես, փորձելով չնայել տուփի վրա, հանեցի  ևս մեկ սիգարետ, ուժգին կսմթեցի մեջը թաքնված փոքրիկ գունդը, իսկ մենթոլը, ծխախոտի մարմնի մեջ տարածելով, ներսս առա՝ կիսելով բոլոր միայնակ, բայց ուժեղ կանանց  ցավը:

Անձրևից  հետո երկինքը մաքրվել է, սակայն միևնույնն է, արև չկա, արևի փոխարեն կանացի շեկ  գլուխներ են  երևում, որոնց  մատների արանքից  կայծկլտում է  ծխախոտ-փարոսների ալ կարմիրը…

 





Մեկնաբանել